Գտնվել են Պրիգոժինի կործանված ինքնաթիռի սև արկղերը. հայտնաբերվել է 10 զոհվածի դի. ՌԴ ՔԿ
ՌԴ Քննչական կոմիտեն հայտնել է, որ «Վագներ» ՊՄԿ–ի հիմնադիր Եվգենի Պրիգոժինի անձնական ինքնաթիռի կործանման վայրում քննչական գործողությունների ընթացքում հայտնաբերվել են տասը զոհվածների դիեր։ Նրանց ինքնությունը պարզելու համար մոլեկուլային գենետիկական փորձաքննություններ են իրականացվում: Այս մասին նշվում է գերատեսչության հայտարարության մեջ:
Meduza–ի հաղորդմամբ՝ նշվում է, որ հայտնաբերվել են նաև ինքնաթիռի սև արկղերը: Դեպքի վայրի մանրամասն զննությունը շարունակվում է։
Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ քննությունը ամենայն ուշադրությամբ ստուգելու է տեղի ունեցածի բոլոր հնարավոր վարկածները։
Օգոստոսի 23-ին Տվերի մարզում վթարի է ենթարկվել Եվգենի Պրիգոժինի անձնական ինքնաթիռը։ «Վագներ» ՊՄԿ–ի հիմնադիրը եղել է Ռոսավիացիայի հրապարակած ուղեւորների ցուցակում։ Պրիգոժինի մահը պաշտոնապես չի հաստատվել։ Ավիավթարից հետո Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել անվտանգության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու դեպքի առթիվ (ՌԴ Քրեական օրենսգրքի 263-րդ հոդված): Ըստ իշխանությունների՝ զոհվել է տասը մարդ, այդ թվում՝ անձնակազմի երեք անդամ: