ԱՄՆ-ում կարծում են, որ Պրիգոժինի ինքնաթիռը խոցվել է Ռուսաստանի տարածքից «երկիր-օդ» հրթիռով. Reuters

ԱՄՆ-ում կարծում են, որ «Վագների» խմբի հիմնադիր Եվգենի Պրիգոժինի ինքնաթիռը խոցվել է «երկիր-օդ» հրթիռով։ Այս մասին Reuters-ին հայտնել են ամերիկացի երկու պաշտոնյաներ։ Նրանց խոսքով՝ ենթադրվում է, որ հրթիռն արձակվել է Ռուսաստանի տարածքից։ Աղբյուրները, անանունության պայմանով, ընդգծել են, որ այս տեղեկությունը դեռ նախնական է և ճշտվում է։ 

Ավելի վաղ ՄՌԿ–ի հետ կապված Gray Zone թելեգրամյան ալիքը հայտնել էր, որ ինքնաթիռը կարող էր խոցվել հրթիռով։ Այս վարկածը դիտարկվել է նաև ռազմական փորձագետների կողմից։ 

CNN-ը ցուցադրել է բիզնես ինքնաթիռի կործանման վայրի ռադարային պատկերը: Դրա հիման վրա լրագրողները եկել են այն եզրակացության, որ ինքնաթիռի ֆյուզելյաժը գործնականում անձեռնմխելի է եղել, երբ ինքնաթիռը բախվել է գետնին։ 

Օգոստոսի 23-ի երեկոյան Տվերի մարզում վթարի է ենթարկվել բիզնես-ջեթ, որը, ըստ լրատվամիջոցների, պատկանել է Եվգենի Պրիգոժինին։ Վթարի հետևանքով զոհվել են ինքնաթիռում գտնվող բոլոր 10 մարդիկ: Ըստ Ռոսավիացիայի՝ զոհերի թվում է եղել նաև ինքը՝ Պրիգոժինը:

Քննչական կոմիտեն ավիավթարի հետաքննություն է վարում երթևեկության անվտանգության և օդային տրանսպորտի շահագործման կանոնները խախտելու հոդվածով։ РБК-ն հայտնել է, որ ուսումնասիրվում են տարբեր վարկածներ: