
Ինչ հայտնի է Եվրոպայում լրագրողների և ակտիվիստների թունավորումների նոր ալիքի մասին

«Эхo Москвы»-ի հայ լրագրող Իրինա Բաբլոյանը կարծում է, որ իրեն անցած տարվա հոկտեմբերին Թբիլիսիում թունավորել են նեյրո-թունավոր նյութով։ Տեղեկությունը հայտնում է The Insider-ն ու մանրամասնում, որ լրագրողն անցած տարի աշնանը՝ հոկտեմբերի կեսերին Մոսկվայից մեկնել է Վրաստանի մայրաքաղաք ու օթևանել King Tamar հյուրանոցում։
Հոկտեմբերի 25-ի երեկոյան ինքնազգացողությունը վատացել է, իսկ հաջորդ օրն արթնացել է շատ թույլ ու գլխապտույտով։ Հոկտեմբերի 26-ի երեկոյան ձեռքի ափերը մանուշակագույն են դարձել, դրանցում այրոց է զգացել այնպես, կարծես ձեռքերում կրակ բռնած լիներ։
Չնայած այս ախտանիշներին՝ Իրինան որոշել է հետ չկանգնել Երևան գնալու մտքից ու հոկտեմբերի 27-ի գիշերը մքենայով ուղևորվել է Հայաստան։ Մեքենայում նա վատանում է, ուղեղը մթագնում է, չի կարողանում կենտրոնանալ։
«Ես պառկում էի, բայց հոգնածության զգացումը չէր վերանում։ Զգացողություն ունեի, որ մարմինս այլևս ինձ չի պատկանում, այն դարձել էր բամբակ, ինձ մոտ ուժեղ անհանգստություն կար»,-պատմել է նա։
Աղբյուրը գրում է, որ Իրինա Բաբլոյանի դեպքում թունավորման վերաբերյալ եզրակացություններ անելը դժվար է, բժշկական հետազոտությունների արդյունքները շատ քիչ են։
Այնուամենայնիվ, ըստ The Insider-ի հետ զրուցած փորձագետների, Իրինայի նկարագրած կլինիկական պատկերը չի կարող համոզիչ կերպով բացատրվել ինչ-որ հայտնի հիվանդության առկայությամբ, ուստի էկզոգեն թունավորման վարկածը նրանց ավելի հավանական է թվում:
Հաջորդ լրագրող, որը հայտնել է, որ իրեն թունավորել են Ելենա Կոստյուչենկոն է: «Նովայա գազետա»-ի նախկին լրագրող Ելենա Կոստյուչենկոն պատմել է, որ հավանաբար փորձել են թունավորել իրեն 2022 թվականի աշնանը, երբ նա Ուկրաինա գործուղումից հետո ժամանել է Գերմանիա։ Ինչպես պարզվեց, վերջին մեկ տարվա ընթացքում Ռուսաստանից հեռացած լրագրողներն ու ակտիվիստները տուժել են թունավորումների մի ամբողջ ալիքից։
Կոստյուչենկոն հայտնվել է Գերմանիայում այն բանից հետո, երբ չի կարողացել վերադառնալ Ռուսաստան Ուկրաինա գործուղումից։ Նա դարձավ այն սակավաթիվ ռուս լրագրողներից մեկը, ով կարողացավ հատել սահմանը և հրապարակեց չորս մեծ հոդված, այդ թվում՝ օկուպացված Խերսոնի կյանքի մասին։ Դրանից հետո նրան հայտնել են, որ իր կյանքին վտանգ է սպառնում, և նրան անհրաժեշտ է շտապ հեռանալ Ուկրաինայից, իսկ Ռուսաստան վերադառնալն անհնար է։
Կոստյուչենկոն իրեն վատ է զգացել տեղափոխությունից մի քանի ամիս անց՝ Մյունխենի երկաթուղային կայարանում։ Հետո նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է.
«Ես արթնացա ստամոքսի ցավով։ Տարօրինակ էր՝ շատ ուժեղ, բայց ոչ սուր, կարծես միացված ու անջատված լիներ։ Փորձեցի նստել ու նորից պառկել։ Գլուխն այնպես էր պտտվում, որ սենյակը կարծես պտտվում էր։
Հետո մատներիս վրա այտուց է առաջացել։ Ես դժվարությամբ հանեցի մատանիները և չկարողացա նորից հագնել։ Մատներս նման էին նրբերշիկի։ Ոտքերս սկսեցին ուռել։ Այտուցը մեծացավ, ծնոտի գիծն անհետացավ, դեմքս իմ դեմքը չէր»,- հայտնել է նա։
Նատալյա Առնոն «Ազատ Ռուսաստան» հիմնադրամի նախագահն է, որն աջակցում է ակտիվիստներին, լրագրողներին և դեմոկրատական կազմակերպություններին և պատրաստում էր իր սեփական վերլուծությունները, ներառյալ Պուտինի շրջապատի և Պուտինի հանցագործությունների մեղսակիցների դեմ պատժամիջոցների մշակումը:
2023 թվականի մայիսի 2-ին Նատալյա Առնոն Պրահայում մասնակցել է ոչ հրապարակային և ոչ մի տեղ չհայտարարված միջոցառմանը, որից հետո ժամը 19:30-ի սահմաններում վերադարձել է Garden Court հյուրանոց և տեսել է, որ իր սենյակի դուռը բաց է։
Ընդունելության ժամանակ Նատալիային ասել են, որ սպասուհին, հավանաբար, դուռը բաց է թողել, և խոստացել են նայել այն։ Գիշերվա ժամը մոտ երկուսին Նատալիան գնացել է քնելու, բայց առավոտյան ժամը 5-ին արթնացավ հրեշավոր ցավից։ Նրա ատամներն ու լեզուն ցավել են, ուստի սկզբում Նատալյան մտածել է, որ դա կարող է պարզապես ինչ-որ տարօրինակ ատամի ցավ լինել, բայց դա չափազանց ուժեղ էր, ցավազրկողներով չէր անցնում:
Մի քանի ժամ անց ցավը սկսեց ավելի տարածվել, կարծես «քայլում էր» մարմնով, հետո զգացվել է ականջներում, ապա կրծքավանդակում, ապա թեւատակերի տակ, հետո մի քանի րոպե անց ողնաշարի երկայնքով:
Այսօր էլ հետազությունները շարունակվում են: Վերջին տարիներին արտասահմանում և Ռուսաստանում Կրեմլի հակառակորդներին թունավորելու մի քանի փորձեր են եղել։ Դրանցից ամենաաղմկահարույցները 2006 թվականի նոյեմբերին Լոնդոնում սուր ճառագայթային հիվանդությունից մահացավ Անվտանգության Դաշնային Ծառայության նախկին սպա Ալեքսանդր Լիտվինենկոն, որը փախել էր Ռուսաստանից հատուկ ծառայությունների հետ կոնֆլիկտի պատճառով։ 2020 թվականի օգոստոսի 20-ին քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին թունավորվեց, որի կյանքը հաջողվեց փրկել արտասահմանում:
Այլ մանրամասները կարող եք կարդալ` The Insider-ում: