ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱՄՆ Հավայի նահանգում հրդեհների հետևանքով զոհերի թիվն ավելանում է՝ հասնելով 93-ի
ԱՄՆ-ի Հավայի նահանգում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 93-ի, Ռիա Նովոստիի փոխանցմամբ, հայտնել են Մաուի շրջանի պաշտոնյաները:
«Հաստատված մահերի թիվը հասել է 93-ի», - ասվում է իշխանությունների հայտարարության մեջ։
Ավելի վաղ NBC News-ը, վկայակոչելով Հավայան կղզիների նահանգապետին, հայտնել էր, որ նահանգում զոհերի թիվը հասել է ռեկորդային 89 մարդու, իսկ այս անտառային հրդեհներն ամենամահաբերն են ԱՄՆ պատմության մեջ։
Հիշեցնենք, որ Մաուի և Մեծ կղզիներում անտառային հրդեհները սկսվեցին չոր և շոգ եղանակի պատճառով և տարածվեցին «Դորա» փոթորկի բերած ուժեղ քամիների հետևանքով։ Հրդեհի որոշ օջախներ 400 հա–ի են հասնում։ Կրակը ոչնչացրել է մի քանի բնակավայր, այդ թվում՝ զբոսաշրջիկների շրջանում հայտնի Լահայնա քաղաքը։ Հարյուրավոր մարդիկ են տարհանվել։
Նախագահ Ջո Բայդենը կարգադրել է Հավայիում դաշնային ենթակայության բոլոր կառույցներին, այդ թվում` ռազմական, միանալ հրդեհների դեմ պայքարին։