«Մարտի 1»-ի գործի շրջանակում Վալերիյ Օսիպյանին և ևս մեկ անձի մեղադրանքներ են ներկայացվել

«Մարտի 1»-ի քրեական վարույթի շրջանակներում քրեական հետապնդումներ են հարուցվել ևս երկու նախկին պաշտոնատար անձանց նկատմամբ։ Այս մասին Auroranews–ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:


«Մասնավորապես՝ 2008 թվականի մարտի 1-ին ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բռնության և հատուկ միջոցների գործադրմամբ «Ազատության» հրապարակում նստացույց անող խաղաղ ցուցարարներին ցրելու գործողությունները կազմակերպելու համար մեղադրանքներ են ներկայացվել այդ ժամանակահատվածում ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակակետային գնդի հրամանատարի և նրա տեղակալի պաշտոնները զբաղեցրած անձանց»,- հաստատեցին կոմիտեից:


Խոսքը Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի և Հայաստանի նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի մասին է:


Հիշեցնենք՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սեպտեմբերի 18-ին հրապարակել էր «Ֆարմանյանն ընդդեմ Հայաստանի»՝ Մարտի 1-ի ինը զոհերի գործով վճիռը՝ արձանագրելով Հայաստանի Հանրապետության կողմից մի շարք խախտումներ։


Ըստ դատարանի միաձայն որոշման՝ բացի Սամվել Հարությունյանից և Զաքար Հովհաննիսյանից, մյուս բոլոր զոհերի դեպքում հաստատվել է, որ պետության գործողությունները հանգեցրել են կյանքի իրավունքի խախտման։


Մասնավորապես, արձանագրվել է, որ Հայաստանի իշխանությունները չեն իրականացրել արդյունավետ և լիարժեք քննություն զոհերի մահվան հանգամանքների վերաբերյալ։ Վճռում արձանագրվել է նաև Եվրոպական կոնվենցիայի 38-րդ հոդվածի խախտում, որը վերաբերում է պետության պարտավորությանը՝ համագործակցել դատարանի հետ։


Վարչապետը նշել էր, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արձանագրել է ակնհայտը, որ, ըստ էության, «Մարտի 1»-ի գործը բացահայտված է:


«Հույս ունեմ, որ ՄԻԵԴ վճիռը նոր խթան և նոր ազդակ կլինի մեր իրավապահների համար, որպեսզի նրանք ի վերջո գտնեն ձևը նախ արդյունավետ դատավարության, նաև ապահովելու համար, որ Մարտի 1-ի ոճրագործներից որևէ մեկը ոչ թե ձևական, այլ իրական պատասխանատվությունից չխուսափի»,- ասել էր վարչապետը։


«Մարտի 1-ի» գործով որպես հիմնական մեղադրյալներ ներգրավված են Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնցից յուրաքանչյուրը, ըստ մեղադրող կողմի, ունեցել է իր դերակատարումը տեղի ունեցած ողբերգական իրադարձություններում։ Նրանք են՝ Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը, Յուրի Խաչատուրովը և Արմեն Գևորգյանը։

Քաղաքականություն