Զբոսաշրջային գործունեություն իրականացնողները պետք է գրանցվեն էլեկտրոնային գրանցամատյանում
Պատրաստվել է համապատասխան կայք, որն ինտեգրված է էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի ամբողջ համակարգին, և այս սահմանված կարգի միջոցով զբոսաշրջային գործունեություն իրականացնող բոլոր սուբյեկտները պետք է գրանցվեն այդ համակարգում և իրենց գործունեության մասին հայտարարեն: Այդ մասին Կառավարության նիստին ասել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ ներկայացնելով Զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց էլեկտրոնային գրանցամատյանի կարգ հաստատելու մասին հարցը:
Ըստ նախարարի՝ նախագիծը բխում է ՀՀ եկած զբոսաշրջիկների շահերից, ինչպես նաև զբոսաշրջային գործունեություն ծավալող սուբյեկտների իրավունքների պաշտպանությունից և նրանց համար միասնական խաղի կանոններ սահմանելու տրամաբանությունից:
«Իրավունք կունենան զբոսաշրջային գործունեություն ծավալել միայն նրանք, ովքեր դրա մասին կհայտնեն, և դա լինելու է բացարձակապես թվային եղանակով, և տեղի չի ունենալու պետական մարմինների աշխատակիցների ու զբոսաշրջային սուբյեկտների շփում մինչ այն պահը, երբ մենք պետք է գնանք, ու որոշ մարմիններ հավաստեն, թե արդյոք ներկայացված փաստաթղթերը ճի՞շտ են, թե՞ չէ»,- ասել է նա:
Նախարարը հիշեցրեց՝ նախորդիվ հստակեցվել է նաև, թե որն է հոթելը, մոթելը, հյուրանոցը, և որոնք են դրանց ուղղված պահանջները: Սա կարևոր է այն առումով, որ կարող է մոթելը հայտարարագրվել որպես հոսթել, կամ հոթելը՝ որպես հյուրանոց:
Նախարարությունը տալու է նաև հավաստագրեր, որով կարողանալու են այդ կազմակերպություններն աշխատել: Եթե կա խախտում, ապա նախատեսվում է վարչական քրեական պատասխանատվություն: Զբոսաշրջային ավտոբուսների դեպքում ստուգումն իրականացնելու է պարեկային ծառայությունը, հյուրանոցների, հոսթելների դեպքում՝ շուկայի տեսչական մարմինները: Ոլորտը գործելու է բալային համակարգով՝ ըստ ստացված տվյալների:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ այս որոշումը կապված է մի քանի գործոնների հետ՝ դեպի ՀՀ զբոսաշրջային հոսքերի աճի, ներքին զբոսաշրջության աճի և զբոսաշրջային ծառայություններն առցանց ձեռք բերելու:
«Զբոսաշրջային ծառայություն մատուցելը դառնում է ծանուցման ենթակա գործունեություն, որ սուբյեկտը հայտարարագրի, ասի՝ ես զբոսաշրջային գործունեություն եմ ծավալում, իսկ Կառավարությունը, համապատասխան մարմինը հնարավորություն ունենան գոնե նախնական ուսումնասիրել միջավայրը և այլն, մի հավաստիացում տալ, որ քաղաքացիները՝ հայաստանյան և օտարերկրացի, կարող են այդ ծառայությունից օգտվել, որովհետև պետությունը նախնական դիտարկում իրականացրել է, և հայտարարվածի և իրականության միջև մեծ ճեղքեր չի տեսել:
Սա վերաբերում է նաև ավտոմեքենաներին, գիդերին, որովհետև համացանցում կարող է մի մեքենա տեղադրված լինել, բայց երբ մեքենան գալիս է, մարդը տեսնում է ուրիշ մեքենա»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ սա զբոսաշրջային ինդուստրիայի նոր ստանդարտ սահմանելու մասին է, որովհետև զբոսաշրջությունն արդեն դառնում է ինդուստրիա:





























