Ողբերգական ավտովթար՝ Լոռվա մարզում․ 1 հոգի տեղում մահացել է

Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Այսօր՝ օգոստոսի 9-ին, ժամը 16:10-ի սահմաններում Ստեփանավան քաղաքից դեպի Լոռի բերդ տանող հատվածում բախվել են Mitsubishi ու Opel Corsa մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ստեփանավան» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Ստեփանավանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները։ Վիրավորներից մի քանիսին ավտոմեքենայից դուրս բերելու համար փրկարարները օգտագործել են հատուկ տեխնիկա։

Վթարի փաստով Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են Ոստիկանության Ստեփանավանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։