ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կանխատեսումներ չեն եղել Թուրքիայի այդ աստիճան ներգրավվածության վերաբերյլ. Տոնոյան
Այսօր 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը արձագանքել է ԶՈւ գլխ․ շտաբի այն ժամանակվա պետ Օնիկ Գասպարյանի հայտարարություններին, թե պատերազմի երրորդ օրը անվտանգության խորհրդի նիստի ընթացքում զեկուցել է, որ երկրի զինված ուժերն ունակ չեն կանգնեցնել թշնակու ագրեսիան, և պնդել է, որ պատերազմը անհրաժեշտ է կանգնեցնել քաղաքական միջոցներով։
Դավիթ Տոնոյանը հաստատեց, որ ԱԽ-ում նման խոսակցություն եղել է, և այդպիսի խոսակցություն եղել է նաև այլ ձևաչափերով, որի վերաբերյալ առաջին զեկույցը ստացել է ինքը. «Դրա վերաբերյալ առաջին զեկույցը ստացել եմ ես։ Մենք պարտավոր էինք և՛ վարչապետին, և անվտանգության խորհրդին ներկայացնել մեր մոտեցումը, քանի որ դրա հիմնական պատճառը նաև երրորդ կողմի անմիջական ներգրավվածությունն էր»։
Ըստ Դավիթ Տոնոյանի՝ հիմնական պատճառն այն էր, որ կար երրորդ կողմի՝ Թուրքիայի անմիջական տեսանելի ներգրավվածությունը․ «Այդ ներգրավումը իրականացվում էր ոչ թե նախիջևանյան ու Հայաստանի սահմանի ուղղությամբ, այլ, այսպես ասած, ձիու քայլով՝ արցախյան թատերաբեմում, որը որևէ կերպ մեր կողմից չի հաշվարկվել։ Չէինք հաշվարկել, որ Թուրքիայի ԶՈւ-ն անմիջապես կարող է հայտնվել արցախյան թատերաբեմից ընդամենը 25-45 կիլոմետր հեռավորության վրա՝ իրականացնելով թռիչքներ»,- ասաց Տոնոյանը։
ՀՀ պաշտպանության նախկին նախարարն անդրադարձել է նաև 44-օրյա պատերազմից առաջ ռազմական գործողություններին Թուրքիայի ներգրավման հավանականության գնահատականներին։ Նա նշել է, թե սպառնալիքների գնահատման ընթացքում անդրադարձել են և դաշնակցային հարաբերություններին, և Թուրքիայի մասնակցության հավանականությանը։ Ըստ նրա՝ ճշգրիտ գնահատման պրոցես է իրականացվել նաև 2008-2010թթ․, 2016-2018թթ. «Սպառնալիքների գնահատման վերջին շրջափուլի ընթացքում աշխարհաքաղաքական պրոցեսներ չէին ընթանում։ Բայց եկեք այս հարցին ես մանրամասն անդրադառնամ փակ նիստում։ Նիստի բաց մասում միայն ասեմ, որ հաշվի ենք առել մեր դաշնակցի և այն երկրի մասնակցությունը, որի հետ դաշինքում մենք գտնվում էինք»։