
Ֆրանսիայում անկարգությունների ժամանակ բերման է ենթարկվել 421 մարդ․ BFM

Ֆրանսիայում ոստիկանի կողմից դեռահասի սպանության պատճառով սկսված բողոքի ցույցերին մասնակցել է 6200 մարդ։ Անկարգությունների արդյունքում բերման է ենթարկվել 421 մարդ, հայտնում է BFM հեռուստաալիքը։
Մասնավորապես, Փարիզի կենտրոնում գտնվող Les Halles թաղամասում խանութի թալանից հետո 14 մարդ է բերման ենթարկվել։ Ընդհանուր առմամբ, Ֆրանսիայի մայրաքաղաքում առնվազն 242 մարդ է բերման ենթարկվել։ Կլամար, Կոմպիեն և Նոյ-սյուր-Մարն քաղաքներում, ինչպես նաև Ուազ դեպարտամենտում գիշերը պարետային ժամ է մտցվել։
2005 թվականից ի վեր Ֆրանսիայում ամենախոշոր անկարգությունները սկսվել են Փարիզի Նանտեր արվարձանում և երեք օր առաջ տարածվել այլ քաղաքներում։ Պատճառը 17-ամյա դեռահասի մահն էր, որին ոստիկանը կրակել էր ճանապարհին ստուգման ժամանակ։ Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավար Ժերալդ Դարմանինը խոստացել է մանրամասն հետաքննություն անցկացնել։