ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փարիզում պայթյունին հաջորդած հրդեհը մարվել է․ կան տուժածներ, այդ թվում՝ ծայրահեղ ծանր վիճակում
Չորեքշաբթի՝ հունիսի 21-ին, խոշոր պայթյուն է որոտացելՓարիզի 5-րդ թաղամասի շենքերից մեկում, որի մի մասը փլուզվել է, գրում է France24-ը։
Փարիզի ոստիկանությունը հայտնել է, որ 7 մարդ ծայրահեղ ծանր վիճակում է, ևս 9-ը բուժվում է լուրջ վնասվածքներով:
Նշվում է, որ պայթյունին հաջորդած հրդեհը հաջողվել է մարել։
Փարիզի ոստիկանության խոսնակ Լուբնա Ատտան ասել է, որ դեռ վաղ է հրդեհի պատճառը պարզելու համար և չի կարող հաստատել տեղեկությունները, թե տեղի ունեցածը գազի պայթյունի հետևանք է:
Այնուամենայնիվ, ըստ որոշ ԶԼՄ-ների՝ ենթադրվում է, որ Փարիզում պայթյունի պատճառ է դարձել գազի արտահոսքը։
Փարիզի դատախազության տվյալներով՝ «շենք է բռնկվել ու մասամբ փլուզվել» Սեն-Ժակ փողոցում՝ Նոտր Դամ դյու Վալ-դը-Գրաս եկեղեցու մոտ։
Ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինը կոչ է արել մարդկանց խուսափել Սեն-Ժակ փողոցի շրջակայքից, որ չխանգարեն դեպքի վայրում իրականացվող աշխատանքներին: