Ընդունել եմ Թրամփի հրավերը մասնակցելու Խաղաղության խորհրդի առաջին նիստին․ Փաշինյան

Ստացել եմ և սիրով ընդունել եմ նախագահ Թրամփի հրավերը սեպտեմբերի 19-ին մասնակցելու Խաղաղության խորհրդի առաջին նիստին։ Այս մասին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Սպիտակ տունը նախատեսում է փետրվարի 19-ին անցկացնել Դոնալդ Թրամփի «Խաղաղության խորհրդի» առաջին նիստը։


Նախատեսվում է, որ նիստը տեղի կունենա Վաշինգտոնում՝ ԱՄՆ Խաղաղության ինստիտուտում, որը դեկտեմբերին պաշտոնապես վերանվանվել է Դոնալդ Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտ։


Թրամփի վարչակազմը նախատեսում է այս հանդիպումն օգտագործել Գազայում հրադադարի համաձայնագրի երկրորդ փուլի իրագործման առաջմղման, ինչպես նաև տարածաշրջանի վերականգնման համար միջոցներ հավաքագրելու նպատակով։


«Խաղաղության խորհուրդը» սկզբնապես ստեղծվել էր հենց Գազայի հատվածի ապագա ճակատագրի վերաբերյալ որոշումներ ընդունելու համար՝ Թրամփի խաղաղության ծրագրի շրջանակում, սակայն ավելի ուշ պարզ դարձավ, որ ԱՄՆ նախագահը մտադիր է նոր մարմինն օգտագործել ամբողջ աշխարհում տարբեր տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման համար։


«Խաղաղության խորհրդի» կանոնադրության համաձայն՝ Թրամփը հանդիսանում է դրա անփոփոխ նախագահը․ նա կարող է պաշտոնից հեռանալ միայն կամավոր կերպով։ Այլ երկրների ղեկավարները կարող են անդամակցել կազմակերպությանը միայն ԱՄՆ նախագահի հրավերով։


Եվրոպայի ազդեցիկ երկրների մեծ մասը հրաժարվել է միանալ «Խաղաղության խորհրդին»։ Թրամփի հրավերն ընդունել են Հայաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Իսրայելը, Հունգարիան, Ինդոնեզիան, Սաուդյան Արաբիան, Բելառուսը, Ղազախստանը և մի շարք այլ պետություններ։

Քաղաքականություն