
Երևանում հայտնաբերված նորածինը վերակենդանացման բաժանմունքում է. վիճակը կայուն ծանր է

Երեկ՝ ժամը 16:30-ի սահմաններում, «Մուրացան» համալսարանական հիվանդանոց շտապօգնության մեքենայով տեղափոխված ընկեցիկ երեխայի վիճակում նկատվում է դրական տեղաշարժ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը:
«Փոքրիկը ներկա պահին գտնվում է նորածնային վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների հսկողության ներքո։ Այս պահի դրությամբ՝ երեխայի վիճակը գնահատվում է կայուն ծանր»,-գրել է Շուշան Դանիելյանը և հավելել, որ նորածին աղջիկը հիվանդանոց էր բերվել ծայրահեղ ծանր վիճակում, հիպոթերմիա, մարմնի ցածր ջերմաստիճանով:
Հիշեցնենք ` երեկ Երևանի Արցախի պողոտայի կիսաքանդ ավտոտնակներից մեկում նորածին երեխա են գտել և տեղափոխել հիվանդանոց: