Զախարովան ապակառուցողական է անվանել Երևանի կողմից ՀԱՊԿ–ի հրապարակային քննադատությունը

Մոսկվան հայ գործընկերներից նախաձեռնողական քայլեր է ակնկալում Հայաստանի տարածքում ՀԱՊԿ առաքելության տեղակայման վերաբերյալ առարկայական աշխատանքների վերսկսման ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում։

 

Իր խոսքով՝ ՀԱՊԿ-ի հրապարակային քննադատությունը պաշտոնական Երևանի կողմից հակաարդյունավետ է։

 

«Տարակուսանք է առաջացնում ՀԱՊԿ–ից դուրս կազմակերպության արդյունավետության հարցերը քննարկելու Հայաստանի ղեկավարության ձգտումը, երբ դրա համար ՀԱՊԿ–ում կան բոլոր անհրաժեշտ ձևաչափերը, փոխգործակցության կայացած ուղիները, և ամենակարևորը` այդ կազմակերպության մասնակիցները պատրաստ են ոչ միայն լսել, այլև աշխատել այդ ուղղությամբ», – ասել է Զախարովան։
 

Նա նշել է, որ Մոսկվան արձանագրել է Պրահայում հնչած գնահատականները, որոնք ԵՄ առաքելությանը ներկայացրել է ՀՀ ղեկավարությունը։ 

 

«Հայ գործընկերներից քայլեր ենք ակնկալում Հայաստանի տարածքում ՀԱՊԿ առաքելության տեղակայման և մեր դաշնակցին օգնելու համատեղ այլ միջոցառումների վերաբերյալ առարկայական աշխատանքները վերսկսելու համար։ Ռուսական կողմը պատրաստ է այդ աշխատանքին, ինչի մասին Երևանում քաջատեղյակ են», – ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

 

Զախարովան հայտնել է, որ հայ-ադրբեջանական բանակցություններում զգալի առաջընթացի մասին Բլինքենի հայտարարությունները հակասում են Երևանի և Բաքվի դիրքորոշումներին։ Հայաստանն ու Ադրբեջանը նշում են, որ հիմնական հարցերի շուրջ տարաձայնությունները պահպանվում են:

 

«Մոսկվան նույնպես կշարունակի աշխատել և արդեն հարթակ է առաջարկել երկու երկրների արտգործնախարարների միջև բանակցությունների համար», – ասել է ուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը: