Նախկին պատգամավորի եղբայրը ավտոլվացման կետի անվան տակ Shell-ի բենզալցակայան է կառուցում․ Hetq

2023-ի փետրվարին Վահան Քերոբյանը Հանրայինի եթերում հայտարարել էր, որ արդեն մարտ ամսին Shell-ը կբացի 3 բենզալցակայան։ Ապրիլի 21-ին էկոնոմիկայի նախարարն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ հրապարակեց՝ Shell-ի կառուցվող բենզալցակայաններից՝ նշելով, որ կայանները շուտով կսկսեն աշխատել։ Այնուամենայնիվ, բենզալցակայաններից և ոչ մեկը դեռևս չի գործարկվել։ Այս մասին գրում է Hetq.am-ը։

 

Բենզալցակայան՝ ավտոլվացման կետի փոխարեն
 

Shell-ի բենզալցակայաններից մեկն էլ կառուցվում է Երևանի Թբիլիսյան խճուղի 29/11 հասցեում։ «Հետքը» պարզել է, որ այդ տարածքում Երևանի քաղաքապետարանը շինարարության թույլտվություն տվել է ավտոլվացման կետի կառուցման համար, ոչ թե բենզալցակայանի։ Այդ մասին նշված էր նաև շինհրապարակում փակցված ցուցանակի վրա, և ըստ ցուցանակում նշված տվյալների՝ կառուցապատող Տիգրան Հարությունյանը 2021 թվականի սեպտեմբերի 13-ին ստացել է շինարարական թույլտվություն ավտոլվացման կետի կառուցման համար։ 

 

Մենք Երևանի քաղաքապետարանից ստացել ենք այդ շինթույլտվության պատճենը, որը թվագրված է 2022 թվականի սեպտեմբերի 13-ով, և որը տրամադրել է այն ժամանակվա քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։ Շինհարապարակի ցուցանակի վրա նշված 2021-ը վրիպակ է եղել։

 

Այցելելով այդ տարածք՝ տեսանք, որ այնտեղ արդեն իսկ կառուցված է բենզալցակայանի ծածկն ու հարակից շինությունը։ Ծածկի տանիքի գույներից պարզ էր, որ կառուցվող բենզալցակայանը Shell ընկերությանն է, և այնտեղ ավտոլվացման կետի նմանվող ոչինչ չկար։ Այսինքն՝ ավտոլվացման կետի համար տրված շինթույլտվությունով կառուցվում էր բենզալցակայան։ 

 

Ինչպես արդեն նշեցինք, տարածքի կառուցապատողը Տիգրան Հարությունյանն է, որը ԱԺ նախկին պատգամավոր Վահան Հարությունյանի եղբայրն է, ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի քեռու որդին։ Տիգրան Հարությունյանը հիմնադրել և ղեկավարում է Հայաստանի ամենախոշոր շինարարական ընկերություններից մեկը «Միկշին» ՍՊԸ-ն, որին պատկանում է նաև Արագածոտնի մարզի Եղիպատրուշ գյուղում կառուցվող «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» լեռնային համալիրը։

 

Բրիտանանիդերլանդական Shell ընկերության հայաստանյան ներկայացուցիչը «Ռոյալ Օյլ» ՍՊԸ-ն է։ Այս ընկերությունը 2019 թվականի մայիսի 29-ին հիմնադրել է ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Սիլ կոնցեռնի» տնօրեն Էդգար Մկրտչյանը։ 2019թ․ օգոստոսին «Ռոյալ Օյլի» 80 տոկոս բաժնեմասը փոխանցվել է հենց «Սիլ կոնցեռնին», իսկ 20 տոկոսը՝ «Դաբլյու Դի Հոլդինգ» ՍՊԸ-ին։ Արդեն 2020-ի փետրվարին ընկերության 100 բաժնեմասի սեփականատեր է դարձել «Դաբլյու Դի Հոլդինգ» ՍՊԸ-ն, իսկ նույն տարվա հուլիսին Տիգրան Հարությունյանը ձեռք է բերել «Ռոյալ Օյլի» 80 տոկոս բաժնեմասը, որը մինչև օրս պատկանում է նրան, իսկ 20 տոկոսը մնացել է «Դաբլյու Դի Հոլդինգ» ՍՊԸ-ին, որի սեփականատերն էլ Դավիթ Ավագյանն է։

 

Shell-ի ներկայացուցիչը հայտնում է, որ դիմել են նախագծի փոփոխության համար

 

Թբիլիսյան խճուղում կառուցվող բենզալցակայանի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով զանգահարեցինք «Միկշին» ընկերության կայքում նշված հեռախոսահամարով և խնդրեցինք Տիգրան Հարությունյանին փոխանցել մեր հարցերը։ Քիչ ավելի ուշ մեզ հետ կապ հաստատեց Գևորգ Հարությունյանը, որը ներկայացավ որպես Shell ընկերության հայաստանյան ներկայացուցչության ծրագրի ղեկավար։

 

Գևորգ Հարությունյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դիմել են քաղաքապետարան նախագծում փոփոխություններ անելու նպատակով, իսկ դրանց հաստատվելուց հետո ևս մեկ դիմում կներկայացնեն շինության նպատակային նշանակությունը փոխելու համար։ 

 

Մանրամասները՝ կայքում։

Քաղաքականություն