«Ամեն մի «հերոսական» քայլ կարող է նահանջ արձանագրել առաջընթացի ճանապարհին». Հարությունյան
Մեկ տարի շարունակ մեծ մի թիմ աշխատեց, որպեսզի Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը լիներ լավագույնը: Ամեն դետալ քննարկվել է ժամերով ու օրերով, հաշվի են առնվել քաղաքական, մարզական, բարոյահոգեբանական բոլոր նրբությունները: Արդյունքում ստացանք մի միջոցառում, որի համար մեր հայրենակիցները կարող են միայն հպարտություն ապրել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի աշխատակազմի ղեկավար, Ծանրամարտի Եվրոպայի 2023թ․ առաջնության անցկացման աշխատանքների նախապատրաստման և կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Իհարկե, միջադեպը թույլ չտվեց լիարժեք վայելել Հայաստանը նորովի ներկայացնելու մեր ջանքը, որպես նորարարական, մշակութային, մարզական վերածնվող կենտրոն, որի հետ արժե խոսել, համագործակցել, ընկերություն անել: Ու ամեն դեպքում, գուցե ամենավերջին դետալը հաշվի չէինք առել, չէինք հաշվարկել, ու տեղի ունեցավ այս միջադեպը:
Այդուհանդերձ, այնքան աշխատանք է կատարված, որ վստահ եմ՝ ապրիլի 23-ին, երբ կավարտվի առաջնությունը, մեր գործընկերները կարձանագրեն, որ խնդիրը լուծված է շատ բարձր մակարդակով:
Պետությանը, այո՝ հենց պետությանը, պետք է վերաբերվել խնամքով: Ամեն մի չմտածված, իբրև թե «հերոսական» քայլ կարող է հետ գցել, նահանջ արձանագրել առաջընթացի ճանապարհին:
Շնորհակալություն հանդիսատեսին ակտիվության համար, հեռուստադիտողին՝ լավ արձագանքների: Այսօր տեսել եմ մեր մարզիկներին, լավ տրամադրությամբ գնում էին մարզման: Բացման այս արարողությունը, մրցաշարի բարձր մակարդակը նաև նրանց համար է, որպեսզի այլ երկրներում չխեղճանան, գլուխները բարձր ասեն՝ մենք մարզական լուրջ պետության ներկայացուցիչ ենք:
Ուստի, առաջիկա օրերին լցնենք տրիբունաները ու աջակցենք մեր մարզիկներին: Մեզ հաղթանակեր են պետք»,- նշել է Հարությունյանը:
Հիշեցնենք՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողության ժամանակ միջադեպ գրանցվեց։ Դիզայներ, ոճաբան Արամ Նիկոլյանն անսպասելի դեպի բեմ վազեց, դրոշակակիր աղջկա ձեռքից վերցրեց Ադրբեջանի դրոշն ու այրեց այն։ Այս միջադեպից հետո ադրբեջանական կողմից հայտարարել էին, որ մարզիկները հետ կդառնան Ադրբեջան: