Ամո՛թ է, վերջապես․ Սերժ Սարգսյանը՝ «Մադրիդյան սկզբունքներ»-ի մասին Փաշինյանի հայտարարության մասին

Ամեն անգամ Հայաստանի կառավարիչի կողմից հնչեցրած հերյուրանքների մասին մտածելիս ուզում եմ հասկանալ, թե կոնկրետ այդ պարագայում այդ մարդն ինչի՞ հետ ավելի շատ խնդիր ունի՝ բարոյականությա՞ն, փաստաթուղթ կարդալու և ընկալելու ունակությա՞ն, թե՞ հիշողության: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախօրեին արված այն հայտարարությանը, թե «Մադրիդյան սկզբունքներ»-ով ՀՀ-ն ԼՂ-ն ճանաչել է որպես Ադրբեջանի մաս: 

«Երբ ուզում՝ հիշողությունը կորցնում է, երբ ուզում՝ խախտում է բոլոր նորմերը, ինչ ուզում՝ անում է: Երբ ուզում է՝ պատերազմը խաղաղություն է համարում, երբ ուզում է՝ պարտությունը հաղթանակ է համարում: Ի՞նչ կարող եմ դրա մասին ասել», - ասել է Սերժ Սարգսյանը։ 

Նրա խոսքով՝ բոլորն էլ տեղյակ են, որ մինչև 2018 թվականը բանակցող բոլոր հինգ կողմերը՝ Հայաստանը, Ադրբեջանը, Ռուսաստանի Դաշնությունը, Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան, համարում էին, որ «Մադրիդյան սկզբունքները» լուծում են Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի հարցը, մինչդեռ այժմ միայն չորսն են այդպես համարում: 

«2018-ից հետո այս հինգից չորսն են հայտարարում, որ «Մադրիդյան սկզբունքները» լուծում էին Լեռնային Ղարաբաղի խնդիրը՝ Ադրբեջանը, Ռուսաստանի Դաշնությունը, Ֆրանսիան, Միացյալ Նահանգները: Միայն Հայաստանի կառավարիչն է ասում, որ այդ փաստաթուղթը Լեռնային Ղարաբաղը հանձնելու մասին է: Ամո՛թ է, վերջապես։ Թող գնան մեր երկրի անվտանգությունն ապահովեն, թող հիշեն, թե ջախջախիչ պարտությունից հետո բուն Հայաստանի տարածքից ինչքան են կորցրել: Եթե չհիշեն, ես հիմա ասեմ՝ 100 անգամ ավելի, քան ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ մենք կորցրել ենք անվտանգության գոտուց: Չորս անգամ ավելի շատ կորուստ են ունեցել, զոհեր ենք ունեցել, քան ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ: Բա այդպե՞ս են խաղաղության գնում, դա է՞ խաղաղությունը»,- ասել  է նա։

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հավաստի տեղեկությունների համաձայն՝ «Մադրիդյան սկզբունքներ»-ի նախագծի հեղինակը հայկական կողմն է եղել և դրանցով Հայաստանը Լեռնային Ղարաբաղը ճանաչել է որպես Ադրբեջանի մաս։