Էկվադորում սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 27-ի
Էկվադորի կենտրոնում տեղի ունեցած սողանքից հետո փլատակների տակից դուրս է բերվել ևս չորս մարդու մարմին, զոհերի ընդհանուր թիվը հասել է 27-ի, հայտնել է երկրի գլխավոր դատախազությունը։
«Ալաուսիում տեղի ունեցած սողանքից հետո հաստատվել է 27 զոհ: Էկվադորի դատախազությունը կազմակերպել է փլատակների տակ վերջերս հայտնաբերված ևս երկու դիերի դուրսբերում: Նույնականացումից հետո դրանք կհանձնվեն հարազատներին»,- ասվում է դատախազության հաղորդագրությունում:
Անցած կիրակի Չիմբորասո նահանգի Ալաուսի քաղաքում զանգվածային սողանք էր տեղի ունեցել, որի հետևանքով ավերվել էր առնվազն 57 տուն, վնասվել՝ 163-ը։ Ռիսկերի կառավարման ազգային քարտուղարության վերջին զեկույցում, որը հրապարակվել է մարտի 30-ին, 72 մարդ համարվում է անհետ կորած, ևս 37-ը վիրավորվել է, իսկ 32 մարդ դուրս է բերվել փլատակների տակից։
Փրկարարական աշխատանքները սողանքի վայրում շարունակվում են արդեն վեցերորդ օրը՝ հարակից մարզերի 4 փրկարարական և օպերատիվ արձագանքման 15 խմբերի, ինչպես նաև հատուկ տեխնիկայի մասնակցությամբ։ Որոնողական աշխատանքներին խոչընդոտում են շարունակվող տեղումները և նոր սողանքների վտանգը։ Ռիսկերի կառավարման քարտուղարությունը 2 միլիոն խորանարդ մետր է գնահատում իջած հողի զանգվածը, որոշ տներ կարող են թաղվել ավելի քան 40 մետր խորության վրա։