Գերմանիայի ՊՆ-ն արդեն ծախսել է պահեստամասերի գնման համար հատկացված բոլոր միջոցները․ ԶԼՄ
Գերմանիայի զինված ուժերն արդեն ծախսել են պաշտպանական բյուջեի այն մասը, որը նախատեսված էր տեխնիկայի պահեստամասեր գնելու համար։ Այս մասին հինգշաբթի հայտնել է Business Insider պորտալը՝ վկայակոչելով աղբյուրներ։
Գերմանիայի Զինված ուժերի 2023 թվականի բյուջեն 51 միլիարդ եվրո է, պահեստամասերի համար հատկացվել է 5 միլիարդ, այս գումարն արդեն ծախսվել է, նշվում է հոդվածում։ Էական մանրամասներ չեն հաղորդվում։
Միևնույն ժամանակ Գերմանիայի պաշտպանության նախարարությունը չի հաստատում այս տեղեկությունը։
2022 թվականի փետրվարի վերջին Գերմանիայի խորհրդարանը քվեարկել է 100 միլիարդ եվրո հատկացնելու օգտին՝ պաշտպանական կարիքների համար։ Խոսքը նոր սարքավորումների, զինամթերքի և տեխնիկայի գնման, նոր համակարգերի մշակման մասին է։ Գերմանիայի փորձագետները բազմիցս նշել են, որ Բունդեսվերի նյութատեխնիկական բազան վերջին ամիսներին չի բարելավվել։