Ֆիլիպիններում մարդատար նավի վրա հրդեհ է բռնկվել. զոհերի թվում երեխաներ կան
Ֆիլիպինների հարավում գտնվող Բասիլան կղզու ափերի մոտ «Լեդի Մերի Ջոյ» նավի վրա բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 12 մարդ է զոհվել, 14-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է ABS-СBN-ը՝ հղում անելով Հաջիման կղզու նահանգապետ Խաթաման Սալիմանին։
Նավում հրդեհը բռնկվել է մարտի 29-ի երեկոյան, այդ պահին «Լեդի Մերի Ջոյ» նավի վրա մոտ 200 մարդ է եղել։ Սալիմանը հայտնել է, որ յոթ մարդ անհետ կորել է: Նահանգապետը մանրամասնել է, որ մահացածների թվում երեք երեխա կա։
Ինչպես հայտնում է ABS-CBN-ը, նավը Սուլու արշիպելագից շարժվել է դեպի Մինդանաո կղզու Զամբոանգա քաղաքը։ Հրդեհի պատճառները դեռ պարզված չեն, ուղևորների մեծ մասը տարհանվել է նավից։
Ֆիլիպինների առափնյա պահպանության ղեկավար Ռեհարդ Մարֆեն, վկայակոչելով ականատեսներին, նշել է, որ հրդեհը կարող էր սկսվել օդափոխվող խցիկից։ Նա հավելել է, որ ծովային միջավայրի պահպանությունը նույնպես ուղարկվել է Բասիլան՝ ստուգելու նավթի հնարավոր արտահոսքը։
2022 թվականի մայիսին նմանատիպ միջադեպ տեղի ունեցավ Ռեալ նավահանգստի մոտ (Ֆիլիպիններ Քեզոն նահանգ): Այնտեղ հրդեհ է բռնկվել Mercraft 2 նավի վրա, որում եղել է 134 մարդ։ Միջադեպի հետեւանքով առնվազն յոթ մարդ է զոհվել, եւս յոթ մարդ անհետ կորել է։ Տարհանված քաղաքացիներից տուժել է 23 մարդ։ Ոմանք, սպասելով օգնության, հագել են փրկարարական բաճկոններ ու նետվել ջուրը, որտեղ էլ նրանց գտել են։