ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՊՆ-ից չեն արձագանքում մեր հարցերին․ Նորիկյանը` կացարանում զոհված զինվորների մասին

Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողների ծնողները վաղը կհանդիպեն ՀՀ զինվորական դատախազի հետ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց հրդեհից տուժածների հարազատների պաշտպան Նորայր Նորիկյանը։

 

«Փետրվարի 9-ին իմ կողմից դիմումներ են ներկայացվել ՀՀ պաշտպանության նախարարին ու ՀՀ զինվորական դատախազին՝  հանդիպելու ծնողների հետ, փետրվարի 28-ին էլ ծնողներն են անհատապես դիմում ներկայացրել Պաշտպանության նախարարին՝ հանդիպման պահանջով»,- ասաց փաստաբանը։

 

Նորայր Նորիկյանը հայտարարեց, թե զինծառայողների դիակների դատաբժշկական փորձաքննության եզրակացությունները գործի փաստական հանգամանքների հետ գտնվում են խիստ հակասության մեջ, ավելի շատ հարցեր են առաջացրել, քան պատասխաններ.

 

«Այնտեղ նշված է եղել, որ զինծառայողների մահը վրա է հասել շմոլ գազից և այրվածքային շոկից: Նշված է, որ ջերմային այրվածքներն առաջացել են կենդանության օրոք»,-ասաց նա՝ հավելելով, որ զինծառայղների մոտ թմրանյութեր չեն հայտնաբերվել:

 

«Ես ստացել եմ ՆԳՆ ՓԾ տնօրենի համապատասխան գրությունը, որով բոլոր հարցերին պատասխանել է, բացառությամբ երկու ռազմավարական բնույթի հարցերի։ Դրանք վերաբերում էին այն հարցերին, թե գնդապետ Սարոյանին կոնկրետ երբ, ինչ հանգամանքներում, ում կողմից է տրվել տեղեկատվություն զինծառայողների՝ մահճակալներում գտնվելու վերաբերյալ, ինչպես նաև հրդեհից որքան ժամանակ հետո է այդ տեղեկատվությունը փոխանցվել գնդապետին։ Փետրվարի 26-ին մենք հարցեր ենք ուղղել նաև ՊՆ նախարարն, առ այս պահը ՊՆ-ից որևէ արձագանք չկա մեր հարցերի կապակցությմաբ։ ՊՆ-ն իր վարքագծով տարակուսանք է առաջացնում։ Ոչ միայն ձեռնպահ մնացին տուժողներին հանդիպելուց, այլ նաև իրենց վարքագծով առնվազն ներողություն խնդրելու առումով պարտավոր էին որոշակի հրապարակայնություն դրսևորել, սա ասում եմ՝ նվազագույնը ինչ կարող էին անել, իսկ զինվորական դատախազի հետ հանդիպումը տեղի կունենա վաղը»,- ասաց Նորայր Նորիկյանը։

 

 

Քաղաքականություն

Պատահարներ