ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է Մակրոնն աննկատ հանում ձեռքի ժամացույցը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը լրագրողների հետ զրույցի ժամանակ ձեռքերն իջեցրել  է սեղանի տակ ու դաստակից հանել թանկարժեք ժամացույցը։ 
Արդյունքում France 2 և TF1 հեռուստաալիքների «13 ժամ» հաղորդաշարում Մակրոնի հետ հարցազրույցից մի հատված լայն տարածում է գտել սոցիալական ցանցերում։

«Խոսելով «նվազագույն աշխատավարձ ստացողների» մասին, որոնք «երբեք այնքան գնողունակություն չեն ձեռք բերել, որքան հիմա», նա զգուշությամբ սեղանի տակ է դնում իր գեղեցիկ շքեղ ժամացույցը»,- թվիթերյան իր էջում գրել է «Չնվաճված Ֆրանսիա» կուսակցության պատգամավոր Կլեմենս Գյոթեն։

Շատերը նախագահի արածն ընկալել են որպես միտումնավոր բան. նրանք ենթադրում են, որ Մակրոնը շքեղ ժամացույցը տեսադաշտից հեռացրել է՝ կենսաթոշակային բարեփոխումներից դժգոհ արհմիությունների բողոքի ցույցերի և նվազագույն աշխատավարձ ստացող մարդկանց վիճակի մասին զրույցի ժամանակ «անապահովներին առավել չգրգռելու համար»:

Միաժամանակ, Ֆրանսիայի նախագահի աշխատակազմում նկատել են, որ նման ժեստի պատճառը կարող է լինել տեխնիկական անհրաժեշտությունը. նախագահը հարցազրույցի ժամանակ ակտիվ ժեստիկուլյացիաներ է արել, իսկ ժամացույցը հաճախ հարվածել է սեղանին՝ ստեղծելով ձայնային միջամտություն։

«Նախագահը հանել է ժամացույցը ոչ թե այն թաքցնելու համար, այլ այն պատճառով, որ դրանով ուժեղ հարվածել է սեղանին», - լրագրողներին իրավիճակը մեկնաբանել են Ելիսեյան պալատում։


 

Քաղաքականություն