Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել դեպի ծովը՝ Կորեական թերակղզու ափերի մոտ
Հյուսիսային Կորեան կիրակի կարճ հեռահարության բալիստիկ հրթիռ է արձակել դեպի ծով՝ Կորեական թերակղզու արեւելյան ափերի մոտ, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը՝ հղում տալով Հարավային Կորեային եւ Ճապոնիային։
Հրթիռը, որն արձակվել է արեւմտյան ափին գտնվող Դոնչան-րի փորձադաշտից տեղական ժամանակով ժամը 11:05-ի սահմաններում, անցել է մոտ 800 կիլոմետր տարածք՝ նախքան թիրախը խոցելը, ասվում է հարավկորեացի զինվորականների հայտարարության մեջ: Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հրթիռը թռել է 50 կիլոմետր բարձրության վրա:
Սեուլը դատապարտել է Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռների վերջին արձակումները՝ դրանք անվանելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւի «բացահայտ խախտում»:
Գործարկումից անմիջապես հետո Հարավային Կորեայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ԱՄՆ-ն ուղարկել է B-1B ռազմավարական ռմբակոծիչ համատեղ օդային զորավարժություններին, որոնք Սեուլի եւ Վաշինգտոնի կարծիքով անցկացվում են ընդլայնված զսպման ուժեղացման նպատակով:
Վերոնշյալ գործարկումները քննադատության են արժանացել նաեւ Տոկիոյի եւ Վաշինգտոնի կողմից:
«Հյուսիսային Կորեայի պահվածքը սպառնում է միջազգային խաղաղությանը եւ անվտանգությանը ու անընդունելի է», - մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ճապոնիայի պաշտպանության պետնախարար Տոշիրո Ինոն՝ հավելելով, որ Ճապոնիան խիստ բողոք է հայտնել Պեկինում Հյուսիսային Կորեայի դեսպանատան միջոցով։
ԱՄՆ-ի հնդխաղաղօվկիանոսյան հրամանատարությունը հայտարարել է, որ կիրակի օրվա արձակումն անմիջական վտանգ չի ներկայացնում ԱՄՆ անձնակազմի կամ նրանց դաշնակիցների համար: Սակայն վերջին հրթիռների արձակումները ընդգծում են Փհենյանի անօրինական զանգվածային ոչնչացման զենքերի եւ բալիստիկ հրթիռների ծրագրերի ապակայունացնող ազդեցությունը, ասվում է հայտարարության մեջ:
Հինգշաբթի օրը Հյուսիսային Կորեան ենթադրյալ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ (ICBM) է արձակել դեպի ծովը Կորեական թերակղզու եւ Ճապոնիայի միջեւ՝ մի քանի ժամ առաջ այն բանից առաջ, երբ Հարավային Կորեայի նախագահը Տոկիո պիտի մեկներ՝ Հյուսիսային Կորեային հակազդելու ուղիները քննարկելու համար:
Փհենյանն ասել է, որ հինգշաբթի օրվա գործարկումը նախազգուշացում էր ԱՄՆ-Հարավային Կորեա զորավարժությունների դեմ, հաղորդում է KCNA պետական լրատվամիջոցը: