
Սիրիայում երկրաշարժերից հետո 200–ից ավելի սիրիահայեր ցանկանում են հայրենիք վերադառնալ. ԶԼՄ

Ուժգին երկրաշարժերից հետո Սիրիայում ծանր իրավիճակում հայտնված 200–ից ավելի հայեր ցանկանում են հայրենիք վերադառնալ։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։
Ըստ Սինանյանի` չի կարելի արհամարել այն փաստը, որ Սիրիայում ապրող հայերից շատերն ուզում են Հայաստան վերադառնալ։
«Մենք ունենք արդեն մեր այն հայրենակիցների ցուցակները, որոնք ուզում են հեռանալ Սիրիայից և գալ Հայաստան»,–ասաց Սինանյանը։
Նրա խոսքով` սիրիահայերին Հայաստան բերելու, տեղավորելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում։
Սինանյանն ընդգծեց, որ սիրիահայերը երկրաշարժերից հետո թե՛ սոցիալ–տնտեսական, թե՛ հոգեբանական ծանր վիճակում են։
«Չնայած նրան, որ երկրաշարժից հետո ՀՀ արտգործնախարարը հումանիտար օգնություն է տարել սիրիահայերին, իսկ Հայաստան հիմնադրամի միջոցով 140.000 ԱՄՆ դոլար է փոխանցվել համայնքային կառույցներին, դա ֆունդամենտալ լուծում չէ»,–ասաց նա:
Հիշեցնենք, որ Սիրիայում նույն երկրաշարժի զոհերի թիվն անցել է 8500-ը։