ԵՄ-ում գյուղատնտեսությունը կազմում է ՀՆԱ-ի՝ 1,5-2, իսկ մեզ մոտ՝ 7-8 տոկոսը. Քերոբյան
Հայաստանում գյուղատնտեսության համախառն արտադրանքն ամեն տարի աճում է, էական աճ ունեցել ենք 2021-ին, 2022-ին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
«․․․Այս տարի արդեն նախաձեռնել ենք եւ կավարտենք գյուղատնտեսության հիմնական էլեմենտների թվայնացումը, խոշոր եղջերավոր կենդանիների համարակալումն ենք ավարտում: Պետք է այնպես անենք, որ մինչեւ տարվա վերջ ունենանք այն ենթակառուցվածքը, որը թույլ կտա գյուղատնտեսության վերաբերյալ բոլոր հիմնական տվյալները:
Պետք է նկատի ունենալ, որ գյուղատնտեսության մեջ այսօր կառուցվածքային էական փոփոխություններ են տեղի ունենում, մենք գնում ենք ավելի ինտենսիվ մշակման եղանակների, ավելի նոր տեխնոլոգիաների, բայց գյուղատնտեսության մեջ ծառը տնկում ես, արդյունքը 5 տարի հետո է գալիս, հետեւաբար ակնկալել, որ 1-2 տարում գյուղատնտեսության մեջ կունենանք աճ, չի կարելի»,-ասել է նա:
Քերոբյանի խոսքով, այսօր գյուղատնտեսությունը ՀՆԱ-ի մեջ ունի ավելի մեծ մասնակցություն, քան զարգացած երկրներում. «ԵՄ-ում գյուղատնտեսությունը կազմում է ՀՆԱ-ի 1,5-2 տոկոսը, մեզ մոտ 7-8 տոկոսն է: Բնականաբար արդյունաբերության մյուս ճյուղերի ավելի արագ աճի պայմաններում գյուղատնտեսության տեսակարար կշիռը կնվազի»,-ասել է նախարարը: