Իսրայելում երկրի պատմության ամենամաշտաբային ցույցերն են ընթանում

 Հարյուր հազարավոր իսրայելցիներ բողոքի ակցիա են իրականացրել՝ ընդդեմ դատական ​​համակարգը վերակազմավորելու կառավարության ծրագրերի, որը, ըստ կազմակերպիչների, երկրի պատմության մեջ ամենամեծ փողոցային բողոքի ակցիան է, գրում է Haaretz-ը: 

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պնդում է, որ փոփոխությունները, որոնք կսահմանափակեն դատարանների լիազորությունները, կվերականգնեն հավասարակշռությունը իշխանության ճյուղերի միջեւ։ 

Ընդդիմախոսներն ասում են, որ կառավարության ծրագրերը սպառնում են ժողովրդավարությանը: 
Շաբաթ օրվա հանրահավաքներից մեկում ընդդիմության առաջնորդ Յաիր Լապիդը տեղի ունեցողն անվանել է Իսրայելի «ամենամեծ ճգնաժամը»։ 

Շաբաթ օրը բողոքի ակցիայի կազմակերպիչները հայտնել են, որ Իսրայելի ողջ տարածքում փողոց է դուրս եկել մինչեւ 500 հազար ցուցարար: Մոտ 200 հազար մարդ հավաքվել է Թել Ավիվում՝ շատերը Իսրայելի ազգային դրոշով։ 

Շաբաթ օրը հյուսիսային Հայֆա քաղաքում երթի է դուրս եկել ռեկորդային՝ 50 հազար մարդ: 

Իսրայելում իրավական բարեփոխումների նպատակն է ընտրված կառավարությանը վճռական ազդեցություն տալ դատավորների ընտրության եւ սահմանափակել Գերագույն դատարանի կարողությունը՝ գործադիր իշխանության դեմ որոշում կայացնելու կամ օրենքները բեկանելու հարցում: 

Այս հարցը խորը պառակտում է առաջացրել իսրայելական հասարակության մեջ եւ, որ ամենակարեւորն է, հանգեցրել է նրան, որ իսրայելական զինված ուժերի ողնաշարը հանդիսացող պահեստայինները սպառնում են հրաժարվել ծառայությունից՝ իրենց բողոքն արտահայտելու նպատակով։

Քաղաքականություն