
Մինչև մեկ տարեկան երեխաներին չտանել ժամանցի վայրեր, որտեղ կան մեծ թվով երեխաներ. Ավանեսյանը հորդորում է ծնողներին

Հայաստանում հանրության մոտ 95 տոկոսը պատվաստված է կարմրուկի դեմ և միայն 5 տոկոսն է, որ պաշտպանված չէ այդ վարակից, լրագրողների հետ հրավիրված ասուլիսում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Հայաստանում վերջին երկու օրերին կարմրուկի դեմ պատվաստվել է մոտ 400 անձ:
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ ռիսկի խմբում են հատկապես մինչև 1 տարեկան երեխաները, որոնց չեն կարող պատվաստել։ Նա հորդորեց ծնողներին մինչև մեկ տարեկան իրենց երեխաների չտանել ժամանցի վայրեր, որտեղ կան մեծ թվով երեխաներ։ Բացի երեխաներից ռիսկի խմբում են նաև բուժաշխատողները, որոնք ևս ներառվել են պատվաստման գործընթացում։
Առողջապահության նախարարի խոսքով` կարմրուկի դեմ 2 դեղաչափով պատվաստված լինելու դեպքում վարակվելը բացառվում է։
«Այս պահին մենք աշխատանքներ են տանում մեր պոլիկլինիկաների հետ՝ վեր հանելու կարմրուկի դեմ պատվաստումները բաց թողած բնակչության ցուցակները, նրանց հետ անհատապես աշխատանքներ տանելու համար, որպեսզի նրանք ևս պատվաստվեն և կանխեն վարակի տարածումը»,–ասաց նախարարը։
Նախարարը հիշեցրեց, որ Հայաստանում կարմրուկի վերջին բռնկումը եղել է 2006-2007 թվականներին, և երկիրն ունի այն փորձը, որն անհրաժեշտ է հիվանդության բռնկումը կանխարգելելու, զսպելու համար։
Ավանեսյանը նշեց, որ այս պահին համավարակի կամ համաճարակի մասին խոսք չկա և «նման սցենարներ հորիզոնում չեն երևում»։
Հիշեցնենք՝ Հայաստանում այսօր ժամը 11:00-ի դրությամբ կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 20-ի։