Դատապարտյալները ծանրոցների կամ հանձնուքների հետ մինչև 20 լիտր խմելու ջուր ստանալու առանձին հնարավորություն կունենան

Արդարադատության նախարարությունն առաջարկում է դատապարտյալների համար ծանրոցների և հանձնուքների հետ միասին մինչև 20 լիտր գործարանային շշալցմամբ խմելու ջուր ստանալու առանձին հնարավորություն ստեղծել։ Այս նախագիծը շրջանառության մեջ է դրվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

 

Գործող իրավակարգավորման համաձայն՝

 

«Դատապարտյալն իրավունք ունի ստանալու և ուղարկելու հանձնուք կամ ծանրոց՝ շաբաթական մինչև 20 կիլոգրամ քաշով, ներառյալ հեղուկ, ինչպես նաև ստանալ գործարանային շշալցմամբ մինչև 20 լիտր խմելու բնական ջուր»:

 

Նշված իրավակարգավորումն ուժի մեջ են մտել 2023 թվականի հունվարի 1-ից, որից հետո շատ դատապարտյալներ (մեղադրյալներ) հարց են բարձրացրել խմելու ջուրը հանձնուքով ստանալու հնարավորության վերաբերյալ։ Մասնավորապես շատերը հայտնել են, որ նախընտրում են խմելու համար ծորակի ջրի փոխարեն օգտագործել գործարանային շշալցմամբ խմելու ջուր՝ այդ թվում պայմանավորված առողջական վիճակով։

 

Ստեղծված իրավիճակում, ելնելով այն հանգամանքից, որ խմելու ջրի քանակը հանձնուքի քաշի մեջ հաշվարկելով, կստեղծվի այնպիսի իրադրություն, երբ ըստ էության ողջ հանձնուքը կլրացվի խմելու ջրով, որպիսի պայմաններում դատապարտյալների նշված իրավունքների իրացումը կկրի ձևական բնույթ՝ նպատակահարմար է հանձնուքի շաբաթական սահմանված քաշից զատ նախատեսել նաև խմելու ջուր ստանալու առանձին հնարավորություն։

 

Բացի այդ, քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգով սահմանված է, որ դատապարտյալները կարող են իրենց մոտ ունենալ թույլատրելի կենցաղային առարկաներ, այդ թվում՝ սառնարան, հեռուստացույց, ինչպես նաև անկողնային պարագաներ։ Նշված առարկաներն իրենց քաշով կարող են գերազանցել շաբաթական սահմանված հանձնուքի առավելագույն քաշը և կստացվի, որ նման առարկաներ դատապարտյալները չեն կարող որպես հանձնուք ստանալ։ Տվյալ դեպքում կառաջանա հակասական իրավիճակ՝ մի դեպքում օրենսդրությամբ նշված կենացաղային առարկաները թույլատրվում է ունենալ, իսկ մյուս դեպքում՝ բացակայում է այդ առարկաները ստանալու հնարավորությունը, ուստի առաջարկվող փոփոխությամբ նշված իրավական ակտերում կմտցվի հստակություն նման իրավիճակների համար։

 

Նախագիծն օրինական ուժ ստանալու համար նախ պետք է արժանան կառավարության հավանությանը, ապա ընդունվի նաև Ազգային ժողովի կողմից։

Քաղաքականություն