
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Ալեն Սիմոնյանի հեռախոսը փորձել են վարակել. մեդիափորձագետը սլաքներն ուղղում է դեպի Ադրբեջան

Apple-ը հայաստանյան իր որոշ բաժանորդների հաղորդագրություններ է ուղարկել իրենց հեռախոսները «Պեգասուս» լրտեսական ծրագրով վարակված լինելու մասին։ Այս մասին հայտնում է մեդիափորձագետ Սամվել Մարտիրիսյանը։
Ըստ նրա, վարակումը տեղի է ունեցել անցյալ աշնանը, սակայն հաղորդագրությունները նոր են ուղարկվել։
«Ամենայն հավանականությամբ դա արել են ադրբեջանական հատուկ ծառայությունները Արցախի դեմ իրենց ծրագրերի համար տվյալներ հավաքագրելու նպատակով», - գրել է փորձագետը։
Մարտիրոսյանի գրառմանն արձագանքել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և տեղադրել էկրանի նկար (screenshot) այն մասին, որ ինքը ևս ստացել է Apple-ից ծանուցում: Հաղորդագրության մեջ նշված է, որ հեռախոսի վրա հաքերային հարձակման փորձ է արվել:
Սամվել մարտիրոսյանն ավելի ուշ գրել է. «Եվ այսպես, Հայաստանում բավականին շատ մարդ գիշերը ստացել ա Apple կողմից նամակներ այն մասին, որ իրենք պետական հաքերների հնարավոր զոհեր են։ Ինչ է սա նշանակում եւ ինչ անել։
1. Սա Pegasus լրտեսական ծրագրով, վիրուսով վարակման, կամ վարակման փորձի մասին է խոսում։
2. Դա չի նշանակում, որ հիմա Պեգասուս կա հեռախոսի մեջ, այլ խոսքը աշնանային հարձակման մասին է։
3. Ամենայն հավանականությամբ սա Ադրբեջանի գործն է։ Անում եմ հետեւությունը զոհերի ցանկից եւ նրանից, որ Ադրբեջանը ապացուցված է որպես ակտիվ կիրառող։ Նաեւ մեր միջազգային կազմակերպությունների որոշ գործընկերները նույն կարծիքի են։ Հստակ ապացույցներ չկան, եւ դժվար էլ լինեն, քանի որ վարակումը կատարում է պատվիրատուի ցանկությամբ իսրայելական կազմակերպությունը, դրա համար թելերը կտրվում են։
4. Ինչ անել։ Մանրամասները տեսանյութում։ Եթե ուզում եք հեռախոսը հետազոտվի, պարզվի, թե եղել է վարակում, երբ է եղել, ապա դիմեք մեզ` Cyberhub.am»։