ՊՆ-ն` կացարանի հրդեհից զոհված զինվորների հարազատների աղմկահարույց հայտարարությունների մասին

 Ազատ գյուղում տեղակայված զորամասի կացարանում տեղի ունեցած հրդեհի հետևանքով մահացած զինծառայողների հարազատները լրատվականների հետ զրույցներում աղմկահարույց հայտարարություններ էին արել:


Մասնավորապես` լրատվականներից մեկի հարցին` զինվո՞րն էր փող ծախսել ջրագիծ քաշելու համար, հրդեհից մահացած վանաձորցի Արամ Մանուկյանի պապն ասել էր. «Երեխեքը փող էին դրել, ջուր էին քաշել… երեխեքը փող էին հավաքել, նոր ջրագիծ փորել…»: 

Մեկ այլ լրատվականի աղբյուրն էլ հայտնել էր. «…վարդենիսցի զինվորներից մեկի հայրն իր միջոցներով հոսանքի լարեր առավ-բերեց, քաշեցին, որ զինվորները հոսանք ունենան (Ազատ գյուղում տեղակայված զորամասի մասին է խոսքը)։ Հոսանքի լարերը քաշեցին, բայց ՊՆ-ն հաշվիչ անգամ չդրեց ու մի տարի առանց հաշվիչի օգտագործել են հոսանքը, երևի համայնքապետարանի վրա էր գնում։ Այդ ընթացքում որևիցե բարձրաստիճան զինվորական, ՊՆ ներկայացուցիչ չի եկել, որ տեսնի ինչ պայմաններում են»։ 


Լրատվականի հարցին՝ հնարավոր չէ՞ր տարածքը հոսանքով տաքացնել, աղբյուրը պատասխանել էր․ «Լրիվ հնարավոր էր հոսանքով տաքացնել, բայց պլիտա բերողն ո՞վ էր, լրիվ բարձիթողի վիճակ էր»։ 
 

Auroranews.am-ը հունվարի 26-ին հարցում էր ուղարկել ՊՆ` խնդրելով մեկնաբանել զոհված զինծառայողների հարազատների հայտարարությունները և նշել, թե որքանով են այս հայտարարությունները համապատասխանո՞ւմ իրականությանը: Եթե տեղեկությունները ճիշտ են` ապա ինչպե՞ս է ստացվում, որ 2020 թվականից նշված տանը տեղակայված զինվորականները ապահովված չեն եղել անհարժեշտ տարրական պայմաններով (ջուր, էլեկտրականություն): Ինչո՞ւ այս հարցերը նախապես չէին լուծվել` նախքան  զինվորականների տեղակայումը: 

Հետաքրքրվել էինք նաև, թե ինչու 2020 թավականից մինչ ողբերգության օրը բարձրաստիճան զինվորականներ կամ ՊՆ ներկայացուցիչներ չեն այցելել նշված հասցե ու հետևել պայմանների` օրենքին և կարգին համապատասխանելիությանը: Եթե այցեր եղել են` խնդրել էինք նշել, թե ե՞րբ և ովքե՞ր են եղել այդ պաշտոնյաները, ինչո՞ւ չեն արձանագրվել այն ակնհայտ խախտումները, որոնց մասին բազմիցս խոսել են ՊՆ նախարարը, վարչապետը, ՔԿ ղեկավարը` իրենց պաշտոնական հայտարություններում: 

 

Այսօր` մարտի 1-ին, մենք ստացանք հարցման պատասխանը: ՊՆ-ից մասնավորապես հայտնել են.

 

«Ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի շրջանում ջրագիծ փորելու համար որևէ գումար չի հավաքվել, ջրագիծը փորվել է նույն վաշտին ամրակցված ինժեներական տեխնիկայի միջոցով։

 

 Զորամասերին նյութեր և սարքավորումներ հատկացվել են համաձայն ներկայացրած հայտերի։ Զորամասի հրամանատարության կողմից զինծառայողների շրջանում իրականացված հարցումների արդյունքում որևէ զինծառայողի ծնողի կողմից էլեկտրական հոսանքով ապահովելու նպատակով հոսանքի լարեր տրամադրելու վերաբերյալ տեղեկությունը չի հիմնավորվել: 

 

Վերադաս հրամանատարության պաշտոնատար անձինք պարբերաբար այցելում են զորմասեր, տեղում ծանոթանում անձնակազմի կենցաղային 

պայմաններին, տալիս համապատասխան ցուցումներ ու հանձնարարություններ»:

 

Ըստ հարցմասն պատասխաի` ՊՆ-ն կարծես հերքում է զինվորների հանգանակած միջոցներով և նրանց հարազատների կողմից զորամասի տարածքում «հոսանք ու ջուր» քաշելու մասին տեղեկությունները:

 

 Խնդրահարույց է հարցման 3-րդ կետը: ՊՆ-ից ասում են, որ վերադաս հրամանատարության պաշտոնատար անձինք պարբերաբար այցելում են զորմասեր, տեղում ծանոթանում անձնակազմի կենցաղային պայմաններին ու տալիս համապատասխան ցուցումներ ու հանձնարարություններ: Այստեղ հարց է առաջանում` ինչպես է ստացվել, որ այդ պարբերական այցերի ընթացքում չեն արձանագրվել հրդեհային անվտանգության կանոնների կոպիտ խախտումները (վառարանի դիրքը, կացարանի պատուհանների ճաղավանդակները, ջեռուցման մեթոդը և այլն) ու հետևողական չեն եղել դրանց շտկման ուղղությամբ:
 

Քաղաքականություն