ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Նոր Զովք»-ի տվյալների շտեմարանը հայտնաբերվել է նկուղում՝ արկղերով և ալյուրի պարկերով քողարկված փակ դռան հետևում. մանրամասներ

Պետական եկամուտների կոմիտեն խուզարկություն է իրականացրել «Նոր Զովք» ՍՊԸ-ի ծրագրային ապահովումն իրականացնող «Ակթրեյդ Սոֆթ» ՍՊԸ–ում ու հայտնաբերել քրեական վարույթով կարևոր նշանակություն ունեցող առարկաներ և փաստաթղթեր: Տեղեկությունը հայտնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը։

 

Առարկաների և փաստաթղթերի զննման, շինության խուզարկության, միաժամանակ օպերատիվ տվյալների համադրության արդյունքում պարզվել է, որ ընկերությունն իր գրասենյակից դուրս օգտագործում է տվյալների շտեմարան` սերվեր։

 

Այնինչ ընկերության հիմնադիր և իրական շահառու Վ․Ս․ -ն և մյուս աշխատակիցներն անընդհատ պնդել են, որ ընկերությունը տվյալների առանձին շտեմարան չունի:

 

«Օպերլիազորներն անմիջապես օպերատիվ հսկողություն են սահմանել նշված և հարակից հասցեներում, որի արդյունքում տվյալներ են ձեռք բերվել, որ «Նոր Զովք» ՍՊԸ-ի տվյալների շտեմարանը` սերվերը, գտնվում է Երևանի Բաղրամյան պողոտայի 77/5 հասցեում, որն ի դեպ, «Ակթրեյդ Սոֆթ» ընկերությունից գտնվում է մոտ 1,6 կմ հեռավորության վրա և իրենից ներկայացնում է երեքհարկանի շինություն»,– ասված է հաղորդագրությունում։

 

Խուզարկության արդյունքում շինության նկուղային հարկի վերջնամասում՝ արկղերով և ալյուրի պարկերով քողարկված, հայտնաբերվել է փակ դուռ, որից ներս գտնվել է տվյալների շտեմարանը:

 

Շտեմարանի հետազոտման արդյունքում պարզվել է, որ «Նոր Զովք» ընկերությունն առևտուր իրականացնող գնորդներին տրամադրել է ֆիսկալ համար պարունակող ՀԴՄ կտրոններ, սակայն այդ կտրոններում արտացոլված գնումների դիմաց վճարվող գումարների մի մասի վերաբերյալ տեղեկատվությունը չի ուղարկել հարկային մարմին։

 

Վարույթային գործողությունների արդյունքում վեր են հանվել «Զովք» սուպերմարկետների՝ 2019-2023 թ․թ․-ի վաճառքներից ձևավորված իրական հասույթները։ Արդյունքում, ձեռքբերված փաստական տվյալների հիմքով կատարվել է պետությանը պատճառված վնասի հաշվարկ։

 

Ըստ նախնական տվյալների՝ ընկերությունը թերհայտարարագրել է շուրջ 13․2 մլրդ դրամի հարկվող օբյեկտ, իսկ պակաս վճարված հարկը կազմել է շուրջ 4․1 մլրդ դրամ։ Ներկայում միջոցառումներ են ձեռնարկվում պետությանը պատճառված վնասի վերջնական չափը հստակեցնելու համար:

 

 Քննչական կոմիտեն այսօր  հայտնել էր, որ «Նոր Զովք» ՍՊԸ-ում առերևույթ հարկային չարաշահումներին վերաբերող քրեական վարույթով մեղադրյալ 4 անձինք կալանավորվել են։ Նրանք են «Նոր Զովք» ՍՊԸ սեփականատեր Արամ Արամյանը, ընկերության տնօրեն Ռ․Ա․-ն, գլխավոր հաշվապահ Ս․Ս․-ն, ու առերևույթ հանցավոր մեխանիզմի կիրառմանը տեխնոլոգիական-ծրագրային աջակցություն ցուցաբերած «Ակթրեյդ Սոֆթ» ՍՊԸ–ի տնօրեն Վ․Ս․–ն։

Քաղաքականություն