Հայտնի է Սաակաշվիլիին ազատ արձակելու միջնորդության պատասխանը

Թբիլիսիի վերաքննիչ դատարանը չի բավարարել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին առողջական պատճառներով ազատ արձակելու միջնորդությունը։ Այսպիսով, Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել առաջին ատյանի դատարանի որոշումը։ Սաակաշվիլիի փաստաբան Շալվա Խաչապուրիձեն հայտնել է, որ որոշման մասին հեռախոսով է իմացել դատավորի օգնականից, գրում է ։ 

«Այսինքն՝ Սաակաշվիլիին այնպես են մերժել, որ նույնիսկ դատական նիստեր չեն կայացել։ Վրացի դատավորները հաստատել են, որ իրենք անգործունակ են։ Սաակաշվիլին զրկվել է արդար դատաքննության իրավունքից, նա նաև զրկվել է կյանքի իրավունքից»,-  Խաչապուրիձեն ասել է TV Pirveli-ին։ 

Նրա խոսքով՝ այժմ Սաակաշվիլիի պաշտպանությունը մտադիր է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ 

Թբիլիսիի քաղաքային դատարանում, ի տարբերություն վերաքննիչ դատարանի, մի քանի ժամ տևողությամբ նիստեր են անցկացվել, որոնց ընթացքում հարցաքննվել են պաշտպանական կողմի կողմից որպես վկա հրավիրված տեղացի և օտարերկրյա բժիշկներ։ Գործընթացը տևել է մոտ երկու ամիս։ Թբիլիսիի քաղաքային դատարանը փետրվարի 6-ին մերժել է Սաակաշվիլիի ազատ արձակումը կամ պատժի կրման հետաձգումն առողջական պատճառներով: Դատավոր Գիորգի Արևաձեն ավելի համոզիչ է համարել արդարադատության նախարարության հատուկ քրեակատարողական ծառայության ներկայացուցիչների փաստարկները, որոնք կասկածի տակ էին դնում Սաակաշվիլիի պաշտպանության կողմից հրավիրված փորձագետների ախտորոշումները։ 

Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն և պետական այլ պաշտոնյաներ բազմիցս ասել են, որ Սաակաշվիլին նպատակաուղղված չի ուտում և հրաժարվում է կատարել բժիշկների հրահանգները, որպեսզի արհեստականորեն վատթարացնի իր առողջական վիճակն ու այդպիսով  ապահովելու ազատ արձակումը: 

Քաղաքականություն