Այս տարի արաբական երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը կարող է հասնել 1 միլիարդ դոլարի․ Քերոբյան
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել է, որ արաբական երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը 2023 թվականին կարող է հասնել 1 մլրդ դոլարի։ Այս մասին նա ասել է «Global Citizen» – ին տված հարցազրույցում։
Նախարարի խոսքով՝ Հայաստանի հիմնական առևտրային գործընկերը ԱՄԷ-ն է, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի հետ ապրանքաշրջանառության աճ է նկատվում։
Նա նշել է, որ համագործակցության ընդլայնումը սկսվել է Dubai Expo 2020 ցուցահանդեսից, երբ, մեծ ջանքեր են գործադրվել ԱՄԷ-ի և արաբական այլ երկրների հետ Հայաստանի հարաբերությունների բարելավման ուղղությամբ: Քերոբյանը նշել է, որ դա ավելի շատ հնարավորություններ է ստեղծել Հայաստանի համար։
«Այդ ժամանակից ի վեր և քանի որ մենք անձնական հարաբերություններ ունենք ԱՄԷ – ում նախարարների հետ, կարող ենք ասել, որ գործերն արագ են ընթանում», – ասել է նախարարը:
Համագործակցության հիմնական ուղղությունների թվում նա նշել է ֆինանսները, ալմաստի և ոսկերչական իրերի արտադրությունը։
«Հայաստանը Եվրասիական տնտեսական միության մի մասն է, որը լավ կապեր ունի այլ երկրների հետ, իսկ ԱՄԷ-ն առևտրային հանգույց է Պարսից ծոցի երկրների և այլ տարածաշրջանների համար, ուստի այստեղ հեշտ է կապվել տարբեր գործարար մարդկանց հետ և աշխատել միասին։ Առևտուրն այս տարի շատ լավ է եղել, այդ երկրներում մի քանի ներդրումային ծրագրեր են իրականացվում, և ավելի շատ գտնվում են մշակման փուլում», – հայտարարել է նա։