Կիևը վերահսկում է Սև ծովի ուկրաինական հատվածի մոտ մեկ երրորդը․ Նեյժապա

Այսօր Սև ծովի ուկրաինական հատվածի 25 հազար քառակուսի կիլոմետրը գորշ գոտի է, ուր ռուսական նավերը չեն մտնում՝ վախենալով ոչնչացումից։ Նման հայտարարություն է արել Ուկրաինայի ռազմածովային ուժերի հրամանատար, փոխծովակալ Ալեքսեյ Նեյժապան, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը: 

 

Նա նշել է, որ «այդ տարածքը նույնքան է, որքան Օդեսայի և Խարկովի շրջանների տարածքը միասին վերցրած», թեև իրականում այս երկու շրջաններից յուրաքանչյուրի տարածքը գերազանցում է 30 հազար քառակուսի կիլոմետրով։ 

 

«Լայնածավալ ներխուժման առաջին օրերին մենք անզեն աչքով տեսնում էինք ռուս զավթիչներին Օդեսայի մերձակայքում՝ ծովում, իսկ այժմ նրանք այլևս չեն մոտենում մեր կողմից վերահսկվող ափերին»,- ասել է փոխծովակալը։ 

Ըստ Նեյժապայի՝ Ուկրաինային ընդհանուր առմամբ պատկանում է «ավելի քան 70 հազար քառակուսի կիլոմետր» Սև ծովում, այսինքն՝ պետք է ազատագրել մի տարածք, որն ավելի քան երկու անգամ մեծ է «գորշ գոտուց»։