Իրանը մտադիր է Ռուսաստանից միլիարդավոր դոլարների ռազմական տեխնիկա գնել․ Սպիտակ տուն
Միացյալ Նահանգների վարչակազմը կարծում է, որ Իրանի իշխանությունները ակնկալում են ձեռք բերել մի քանի միլիարդ դոլար արժողությամբ ռուսական ռազմական տեխնիկա, այդ թվում՝ կործանիչներ։ Այս մասին ուրբաթ օրը լրագրողների համար հերթական ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։
«Ռուսաստանը ծրագրում է աշխատել Իրանի հետ՝ դրա դիմաց ավելի շատ ռազմական տեխնիկա ձեռք բերելու համար: Ռուսաստանն Իրանին առաջարկում է աննախադեպ պաշտպանական համագործակցություն, այդ թվում՝ հրթիռների, էլեկտրոնիկայի և հակաօդային պաշտպանության ոլորտում: Մենք կարծում ենք, որ Ռուսաստանը կարող է Իրանին տրամադրել կործանիչներ», - պնդել է նա:
Քիրբիի խոսքով՝ Թեհրանը մտադիր է Մոսկվայից գնել նաև լրացուցիչ ռազմական տեխնիկա՝ հարվածային ուղղաթիռներ և ռադարներ։
«Ընդհանուր առմամբ Իրանը ձգտում է Ռուսաստանից միլիարդավոր դոլարների զինտեխնիկա ձեռք բերել»,- ասել է նա։
ԱԱԽ խոսնակը նաև պնդել է, որ Իրանը «2022 թվականի նոյեմբերին] Ռուսաստանին հրետանի և տանկային արկեր է մատակարարել՝ Ուկրաինայում օգտագործելու համար»։
«Մենք մտավախություն ունեինք, որ Ռուսաստանի և Իրանի հարաբերությունները կզարգանան երկու ուղղություններով, և այդ մտավախությունները, իհարկե, արդարացված են»,- հավելել է նա։
Քիրբիի խոսքով՝ «դա վատ է Մերձավոր Արևելքի համար, քանի որ Իրանը կձգտի օգուտ քաղել Ռուսաստանի հետ համագործակցությունից և ռուսական ռազմական միջոցներ ստանալ՝ տարածաշրջանում սեփական ռազմական հզորությունն ամրապնդելու համար»։
Այս առումով, շարունակել է նա, պաշտպանական ոլորտում ռուս-իրանական համագործակցությունը մտահոգում է ԱՄՆ վարչակազմին։ «Սա ոչ միայն կբարդացնի Ուկրաինայում իրավիճակը, այլև կարող է բարդացնել մեր գործընկերների և ընկերների անվտանգության իրավիճակը Մերձավոր Արևելքում»,- եզրափակել է Քիրբին։
Մոսկվան և Թեհրանը բազմիցս մերժել են Ուկրաինայում իրանական անօդաչու թռչող սարքերի ռուսական մատակարարումների վարկածները: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նման հաղորդումները լցոնում է անվանել և ընդգծել, որ ռուսական բանակն օգտագործում է հայրենական արտադրության ինքնաթիռներ։ 2022 թվականի նոյեմբերի սկզբին Իրանի ԱԳՆ ղեկավարը հայտարարել էր, որ Հանրապետությունը Ռուսաստանին անօդաչու թռչող սարքեր է մատակարարել, սակայն փոքր քանակությամբ և Ուկրաինայում ռազմական գործողության մեկնարկից մի քանի ամիս առաջ։