Ե՞րբ կգործարկվի Փոթի-Կովկաս լաստանավը

Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունում դեռ չգիտեն, թե երբ կգործարկվի Փոթի - Կովկաս լաստանավային հաղորդակցությունը: Նախարարությունից Sputnik Արմենիային հայտնել են, որ լաստանավի գործարկման ժամկետների ձգձգումը մեծապես պայմանավորված է Ռուսաստանի Դաշնության դեմ սահմանված պատժամիջոցներով։

 

«Փոթի նավահանգստի օպերատորը եվրոպական ընկերության մասնաճյուղ է, (նավահանգիստը ղեկավարում է «APM Terminals Poti» ընկերությունը, որը աշխարհի խոշորագույն «APM Terminals» նավահանգստային օպերատորի դուստրն է, որի կենտրոնակայանը գտնվում է Հաագայում (Նիդեռլանդներ). խմբ.), վերջինիս կողմից հիշյալ նավահանգիստ ռուսական նավերի մուտքը չի թույլատրվում» - ասված է գերատեսչության գրավոր պատասխանում։

 

Էկոնոմիկայի նախարարությունից վստահեցնում են, որ հայկական կողմն անհրաժեշտ աշխատանքներ է իրականացնում առաջացած բարդությունները հաղթահարելու և Հայաստանի տարածքից արտահանման և (կամ) Հայաստանի տարածք ներմուծման նպատակով բեռների՝ լաստանավով (լաստանավերով) տեղափոխման դեպքում առաջացած լրացուցիչ ծախսերի նվազեցմանն ուղղված միջոցառումը հնարավորինս արագ գործարկելու համար։

 

Հիշեցնենք, որ վրացական Փոթի և ռուսական Կովկաս նավահանգիստների միջև լաստանավային կանոնավոր հաղորդակցություն պետք է գործարկվեր հունիսի 15-ից։ Սակայն դա տեղի չունեցավ քաղաքական պատճառներով։ Փոթի նավահանգիստը կառավարվում է հոլանդական «APM Terminals»–ի դուստր ձեռնարկությունը, որը պետք է թույլտվություն ստանա գլխամասային ընկերությունից լաստանավային հաղորդակցությանը կանաչ լույս տալու համար։

 

Հայաստանը վաղուց է որպես Վերին Լարսի այլընտրանք դիտարկում բեռնափոխադրումների մուլտիմոդալ տարբերակը։ Ենթադրվում է, որ բեռները Հայաստանից երկաթուղային ճանապարհով կամ բեռնատարներով կհասցվեն Փոթի, այնտեղից էլ լաստանավով` մինչև ՌԴ-ի Կովկաս նավահանգիստ և ՌԴ այլ քաղաքներ։

 

Լաստանավային փոխադրումից կկարողանան օգտվել միրգ–բանջարեղեն արտահանողները։ Լաստանավի տարողունակությունը 50 բեռնատար է և 40 վագոն։ Ընդ որում` ՀՀ կառավարությունն առաջին 6 ամիսներին գործարարների համար ամբողջությամբ սուբսիդավորելու է լաստանավային ծախսերը։

Քաղաքականություն