Հնարավոր է` զինվորները մահացել են մինչև հրդեհը. փաստաբան

Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված զինծառայողները, հնարավոր է, մահացել են մինչև հրդեհի սկսելը։ Այս մասին այսօր առավոտյան ՊՆ շենքի մոտ անցկացված ակցիայի ժամանակ ասել է զոհված զինծառայողների իրավահաջորդների շահերի պաշտպան, փաստաբան Նորայր Նորիկյանը։

 

«Ես առաջարկում եմ պաշտպանության նախարարին, տո վարչապետին ու էդ բոլոր նախարարներին գնալ Ազատ գյուղ, վերականգնել իրադարձությունների ընթացքն ու փորձել հասկանալ, թե ինչպես կարող էին այդ հրդեհի ժամանակ զինվորները չարթնանալ, այդ ցավի ու գորգոռոցների ժամանակ քնած մնալ։ Այո՜, կա հավանականություն, որ երեխաները մինչև հրդեհի բռնկումն են մահացած եղել», - նշել է նա։

 

Նորիկյանը հավելել է, որ բաց է մնում հետևյալ հարցը, թե ինչպես 15-20 րոպեների ընթացքում երկու զինվորի հաջողվել է դուրս գալ այրվող կացարանից, մնացածին՝ ոչ։ 

 

«Պետք է հասկանանք, թե ի՞նչ է նախորդել հրդեհին, շան գլուխն այնտեղ է թաղված», - հավելել է նա։