Ադրբեջանի հայտարարությունը կեղծիք էր. Հունանյանը` պատերազմական հանցագործությունների մասին
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում միջազգային կառույցներին հետաքննություն անցկացնել Ադրբեջանի իրականացրած պատերազմական հանցագործությունների մասով։ Այս մասին «Արմենպրես»-ին տված մեկնաբանությունում ասել է ՀՀ արտգործնախարարի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։
Նշենք, որ ՄԱԿ–ի մանդատակիրների կողմից վերջերս հրապարակվել է Ադրբեջանին ուղղված նամակը, որը Ադրբեջանի կառավարությունից պահանջում է բացատրություններ ներկայացնել 2022 թ.–ի սեպտեմբերի 13-ին Հայաստանի դեմ սանձազերծած ռազմական ագրեսիայի ժամանակ Ադրբեջանի զինված ուժերի կատարված պատերազմական հանցագործությունների դեպքերի վերաբերյալ: Նամակում անդրադարձ է կատարվում նաև 2020 թվականի նոյեմբերին կրակի դադարից հետո ռազմագերիներին ազատ չարձակելու հարցին։
«Անհրաժեշտ է պահանջել հանցագործությունների մեղավորներին ու կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկել, այդ թվում՝ միջազգային պատժամիջոցների կիրառմամբ»,– ասել է Հունանյանը։
Նա նաև ընդգծել է, որ անցած տարվա աշնանն Ադրբեջանի արած այն հայտարարությունը, թե իր ԶՈւ–ի կատարած պատերազմական հանցագործությունների առթիվ հետաքննություն է սկսելու` կեղծիք էր։
«ՄԱԿ-ի մանդատակիրները պատասխան չեն ստացել նաև 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանում անօրինական պատանդառության մեջ գտնվող հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց մասին։ Նրանք նաև պատասխան չունեն բռնի անհետացումների դեպքերի վերաբերյալ իրենց հարցադրումներին: Ադրբեջանը՝ լինելով մարդու իրավունքների վերաբերյալ ՄԱԿ-ի հիմնարար փաստաթղթերի անդամ, կոպտորեն խախտում է դրանք, հաշվի չի առնում ՄԱԿ-ի մարմինների կողմից իրեն տրված հանձնարարականները»,– նշել է ԱԳ նախարարի մամուլի խոսնակը։
Նրա խոսքով` այս իրավիճակում հրամայական է Ադրբեջանի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունները միջազգային պատշաճ հետաքննության իրականացումը, մեղավորներին ու կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելը: Բացի այդ, ըստ արտաքին գերատեսչության, միջազգային հանրությունը պարտավոր է մեծացնել ճնշումը՝ Ադրբեջանում ապօրինաբար պահվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձման, բռնի անհետացումների և անհետ կորածների ճակատագրերի բացահայտման համար։
Հայաստանը նաև ցանկանում է ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ վերջին շրջանում Ադրբեջանը ՄԱԿ կառույցներին ահաբեկելու և ճնշում գործադրելու միջոցով ստիպում է վերջիններիս չբարձրաձայնել Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների աղաղակող խախտումներին վերաբերող դեպքերը։
Չնայած ադրբեջանական գործողություններին՝ ԱԳՆ–ն վստահ է, որ ՄԱԿ բոլոր մարմինները, այդ թվում` առաջին հերթին մարդու իրավունքների խնդիրներով զբաղվող կառույցները, կշարունակեն իրականացնել իրենց աշխատանքը ՄԱԿ կանոնադրության ոգուն և տառին համապատասխան:
Նմանատիպ հոդվածներ
«Նրանք մեզ հետ են այնպես, ինչպես մենք էինք մեր եղբայրների կողքին՝ Ղարաբաղյան պատերազմում». Էրդողանը` Ադրբեջանի մասին
Էրդողանը շնորհակալություն է հայտնել Ալիևին և ադրբեջանցի ժողովրդին՝ օգնության համար։ Այդ մասին Թուրքիայի նախագ...
«Պատմությունից թշնամանք չստեղծեք». Թուրքիայում ծանր են տարել Մեքսիկայի սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաճումը
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Մեքսիկայի սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը՝ այն...
Իրանը և Հայաստանը թույլ չեն տա, որ միջանցք ստեղծվի. ՀՀ-ում Իրանի դեսպան
Տարածաշրջանային նման զարգացումների ֆոնին՝ Իրանը և Հայաստանը համակարծիք են այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են միջազ...
«Իրանը կարող է ապտակ տալ այն երկրներին, որոնք փորձում են իր համար խնդիրներ ստեղծել». ՀՀ-ում Իրանի դեսպանը` Ադրբեջանի մասին
Իրանի ղեկավարությունը իմաստուն է և չի ենթարկվում որոշ փոքր պետությունների տարատեսակ սադրանքներին։ Լրագրողների հետ...