Հալեպում փլատակների տակից 4 հայի մարմին է դուրս բերվել, 1 ընտանիք կորած է. սարսափելի վիճակ է
Սիրայում առավոտյան տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով կան զոհեր նաև հայկական համայնքի շրջանում, արդեն մարմիններ են դուրս բերվել, 1 ընտանիքի ճակատագիրը դեռ հայտնի չէ։ Այս մասին 24News-ին տեղեկացրել է Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հալեպի վարիչ մարմնի ատենապետ Ավո Խոշաֆյանը։ Խոշաֆյանը նշել է, որ առավոտյան ժամը 4։20 րոպեին 7,5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, որը տևել է 3-4 վայրկյան։
«Հալեպի Ազիզիէ շրջանում շենքը փլուզվել է, որում 2 հայ ընտանիք կային։ Մինչև այժմ կարողացել են 4 դիակ հանել, մնացածից տեղյակ չենք։ 1 ընտանիքից տեղյակ չենք՝ արդյոք նե՞րս են, արդյոք մահացա՞ծ են, արդյոք դու՞րս են եկել, հեռախոսային կապ չկա։ Պետք է եկեղեցիներ, դպրոցներ այցելենք, տեսնենք ՝ որքան անտուն կա։ Հիվանդանոցները թեթև աստիճանի վնասվածքներով մարդիկ էլ կան, բայց մահացածներ այլազգիների շրջանում շատ կան»,- ասել է Խոշաֆյանը։
Ըստ նրա` հայկական թաղամասեր կան, որոնց վնասներից տեղյակ չեն։ «Սարսափելի վիճակն է, Սպիտակի եկրաշարժի նման էր։ Մինչ այժմ դուրս են բերվել 14 տարեկան երեխայի, մոր, հոր մարմինները, ևս մեկի մարմինն էլ դեռ չի գտնվել։ Երկրորդ ընտանիք կա, քարերը պետք է վերցնեք, որ կարողանանք տակից հանել։
Հայտարարություն ենք տալիս, որ ով օգնության կարիք ունի՝ կացարանի, սննդի, մեզ դիմի։ Որ կարողանանք պայմաններ ապահովել միությունների մեջ, Նոր սերնդի ակումբների մեջ, Կիլիկյան դպրոցում։ Կարողանանք իրենց այնտեղ տեղափոխել, մինչ հասկանանք հետո ինչ անել»,- մանրամասնել է նա։
Ասում է, որ մեծ մեքենաները պետք է գային, քարերը տանեին, բայց վառելանյութ չկա, մազութ չկա:
«Պատերազմի մեջ երկիր ենք, ամեն ինչ չունենք։ Մինչև այսօր պատերազմը չենք վերջացրել, էլեկտրականություն, պարեն չկա, վրան էլ այս երկրաշարժը եկավ։ Սարսափելի, անբացատրելի վիճակ է»,- ասել է Խոշաֆյանը։