Պարեկները, վտանգելով իրենց կյանքը, բռնել ու վնասազերծել են փախուստի դիմած, մարտական նռնակով զինված Opel-ի վարորդին
Երեկ՝ հունվարի 30-ին, մարտաֆիլմ հիշեցնող դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։30-ի սահմաններում ծառայություն կատարելիս նկատում են, որ Opel մակնիշի ավտոմեքենան չարամտորեն խախտում է երթևեկության կանոնները, տեղեկացնում է Shamshyan.com-ը:
Պարեկները բարձրախոսով հորդորում են վարորդին, որպեսզի նա կանգնի։ Սակայն վարորդը, չենթարկվելով պարեկների «կանգառ» պահանջին, դիմում է փախուստի։ Սկսվում է հետապնդում։ Այդ ընթացքում պարեկները ներքին կապով օգնություն են խնդրում իրենց գործընկերներից։ Ու արդեն Կիլիկիա և Վերֆել փողոցների խաչմերուկում կարողանում են շրջափակման մեջ առնել Opel-ին ու կանգնեցնել Opel մակնիշի ավտոմեքենան։
Պարեկները, մոտենալով Opel-ին, վարորդից պահանջում են վարորդական իրավունքի վկայականը և ավտոմեքենայի տեխնիկական անձնագիրը, սակայն վարորդը հրաժարվում է ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը ու պարեկները նկատում են, որ նա ձեռքը տանում է դեպի գոտկատեղը, ապա գրպանը։ Ու այդ ժամանակ պարեկները կարողանում են վնասազերծել նրան, ում մոտ լինում է մարտական «ՌԳԴ» տիպի նռնակ իր պայթուցիչով։
Պարզվել է, որ այդ քաղաքացին Կոտայքի մարզի բնակիչ 39-ամյա Ատոմ Ս․-ն է, որը եղել է ոչ սթափ և վարորդական իրավունքի վկայական էլ չի ունեցել։ Դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ։