«10 տարի ես տանել չէի կարողանում ամուսնուս». Միշել Օբաման անկեղծացել է
ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբաման խոստովանել է, որ ամուսնական կյանքում եղել է ժամանակ, երբ «տանել չէր կարողանում» ամուսնուն՝ Բարաք Օբամային. դա, ըստ կնոջ, այն ժամանակաշրջանում էր, երբ զույգի դուստրերը՝ Սաշան և Մալիան, փոքր էին:
Ինչպես նշում է Daily Mail-ը, 58-ամյա Միշել Օբամայի խոսքով՝ ամուսինների հարաբերությունները շատ լարված էին, քանի որ երեխաները փոքր էին, իսկ իրենք երկուսը փորձում էին առաջ գնալ իրենց կարիերաներում, մասնավորապես՝ Բարաք Օբաման գնում էր երկրի նախագահ դառնալու ճանապարհով:
Աղբյուրը մանրամասնում է, որ 24-ամյա Մալիան և 21-ամյա Սաշան յոթ և 10 տարեկան էին, երբ նրանց ընտանիքը տեղափոխվել է Սպիտակ տուն՝ հոր՝ նախագահ դառնալուց հետո:
Միշել Օբաման 61-ամյա Բարաք Օբամայի հետ իրենց հարաբերությունների մասին խոսել է՝ իր նոր «Լույսը, որը մենք կրում ենք» գիրքը գովազդեու ժամանակ:
«Եղել է 10 տարի, երբ ես տանել չէի կարողանում ամուսնուս: Եվ գուշակեք, թե երբ է դա եղել: Երբ երեխաները փոքր էին: 10 տարի մինչ մենք փորձում էինք կառուցել մեր կարիերան և անհանգստանում էինք դպրոցի համար, թե ով ինչ է անում»,- պատմել է ԱՄՆ պատմության մեջ առաջին սևամորթ առաջին տիկինը:
«Ամուսնությունը երբեք 50/50 չէ, երբե՛ք: Լինում են դեպքեր, երբ ես 70 եմ, նա՝ 30: Լինում են դեպքեր, երբ նա 60 է, 40: Բայց պատկերացրեք՝ տասը տարի: Մենք ամուսնացած ենք 30 տարի: Ես 30-ից կհանեի 10 վատ տարին: Մարդիկ հանձնվում են և ասում՝ հինգ տարի, ես չեմ կարող դիմանալ»,-հավելել է նա:
Միշել Օբաման հավելել է, որ չնայած իրենց տարաձայնություններին, միշտ հարգում է ամուսնուն։
«Այսինքն՝ դու կարող ես կատաղել նրա վրա, բայց դու դեռ նայում ես նրան և ասում՝ ես գոհ չեմ քեզնից, բայց ես հարգում եմ քեզ: Ես համաձայն չեմ քեզ հետ, բայց դու շարունակում ես մնալ բարի, խելացի մարդ: Ժամանակի ընթացքում զգացմունքները փոխվում են»,- եզրափակել է նա: