ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թաիլանդի թագավորական նավատորմի ռազմանավը խորտակվել է․ նավաստիներն անհետ կորած են
Թաիլանդի թագավորական նավատորմի ռազմանավը խորտակվել է ուժեղ ալիքների և քամու պատճառով, երեք տասնյակից ավելի նավաստիներ անհայտ կորած են համարվում:
Ինչպես գրում է The Guardian-ը, ավելի քան 100 նավաստի կիրակի երեկոյան փրկվել է Sukhothai ռազմանավից այն բանից հետո, երբ ուժեղ քամին ստիպել է նավը կտրուկ թեքվել դեպի ջուրը, ասվում է նավատորմի խոսնակ Պոկկրոնգ Մոնթատֆալինի հայտարարության մեջ:
Ծովի ջուրը հոսել է նավի մեջ՝ անջատելով հոսանքը և ստիպելով անձնակազմին կորցնել վերահսկողությունը, ասել է Մոնթատֆալինը: Այնուհետև ջուրը թափվել է կորպուսի մեջ, և նավը սկսել է կողաշրջվել:
Այդ ժամանակ նավը պարեկություն էր անում Կենտրոնական Թաիլանդի Բանգ Սաֆան շրջանից մոտ 32 կմ հեռավորության վրա: Թաիլանդի ծոցում փոթորիկներ են կանխատեսվել, լաստանավային հաղորդակցությունը դադարեցվել էր այն բանից հետո, երբ օդերևութաբանները նախազգուշացրել էին կիրակի և երկուշաբթի բարձր ալիքների և հորդառատ անձրևների մասին:
Սոցիալական ցանցերում տարածված տեսանյութերն ու լուսանկարները ցույց են տալիս, որ Sukhothai-ը ջրի նկատմամբ գրեթե 60 աստիճանի անկյան տակ է, ետին պլանում լսվում է քամիների ձայնը և նավաստիների բղավոցը: