Բաքվից հայտնել են, թե ինչու էին փակել Արցախը Հայատանին կապող միակ մայրուղին

Ստեփանակերտ-Գորիս մայրուղին փակելու մասին Արցախի հաղորդումից մոտ երկու ժամ անց պաշտոնական Բաքուն տեղեկացրեց, որ մասնագետներ է ուղարկել «ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման վայր՝ հետաքննելու և վերահսկելու տեղում օգտակար հանածոների ապօրինի շահագործումն ու այդ տարածքներում այդ գործունեության բնապահպանական հետևանքները»։

 

Թե ինչ օգտակար հանածոների շահագործման մասին է խոսքը, հստակ չէ։

 

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ադրբեջանի բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարության դիմումի հիման վրա Պաշտպանության նախարարությունն է դիմել ռուսական խաղաղապահ զորակազմին։

 

«Այսօր ժամը 11-ին Ադրբեջանի բնապահպանության նախարարության աշխատակիցները, էկոնոմիկայի նախարարությանն առընթեր պետական գույքի ծառայության և «ԱզերԳոլդ» ընկերության աշխատակիցները մոտեցել են Ստեփանակերտի ու Շուշի քաղաքների միջև տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերի անցակետին՝ տարածք մուտք գործելու համար»,- հաղորդում է Բաքուն՝ հավելելով, որ այս պահին խաղաղապահ ուժերի հրամանատարության հետ քննարկվում է այդ տարածքներում օգտակար հանածոների ապօրինի շահագործման և դրա բնապահպանական հետևանքների հետաքննման և մոնիտորինգի փորձագիտական խմբի գործունեությունը։

 

Հիշեցնենք, որ այսօր քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։

 

Արցախի տեղեկատվական շտապը 3 ժամ առաջ հաղորդագրություն տարածեց, որում նշված էր․ 

 

«Ակնհայտ է, որ Ադրբեջանն այս քայլով դիմում է սադրանքի Հայաստանի և Արցախի միջև ցամաքային կապի ընդհատման և խաղաղ բնակչությանը հոգեբանական ահաբեկչության ենթարկելու համար:
Միջադեպի վերաբերյալ պատշաճ տեղեկացված է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը: Արցախի լիազոր պետական մարմինները ձեռնարկում են բոլոր հնարավոր միջոցները իրավիճակի կարգավորման ուղղությամբ»,-նշվում էչ հաղորդագրությունում:

 

Քիչ հետո Արցախի Առողջապահության նախարարությունը հայտնեց, որ Ադրբեջանցիների կողմից մայրուղու փակումը անհնարին է դարձել բժշկական պարագաների և դեղամիջոցների տեղափոխումն Արցախ։ 

 

Եվ ահա, ռուս խաղաղապահների միջնորդությամբ և բանակցություններից հետո միայն ադրբեջանցիները բացեցին Արցախը Հայաստանին կապող միակ մայրուղին։ 

 

Իսկ մինչ այդ պետք է նշել, որ մայրուղին արդեն ծանրաբեռնված էր և այդ մասին ահազանգում էին քաղաքացիները։ 

Քաղաքականություն