
Մի շարք հարկ վճարողների մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում

Պետական եկամուտների կոմիտեում շարունակվում են հսկողական աշխատանքները՝ հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառման կանոնների, վարձու աշխատողի չձևակերպման և «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ։
ՊԵԿ-ը հիշեցնում է, որ հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառումը պարտադիր է բնակչությանն ապրանք վաճառելիս, ծառայություն մատուցելիս կամ աշխատանք կատարելիս կանխիկ դրամով կամ վճարային քարտերի միջոցով վճարում կատարելու, այդ թվում` կանխավճար կամ մասնակի վճարում ընդունելու դեպքում: Միաժամանակ, վարձու աշխատողին աշխատանքի ընդունելիս հարկ վճարողը պարտավոր է ապահովել աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի ընդունումը կամ գրավոր պայմանագրի կնքումը, իսկ նոր աշխատողի համար՝ սահմանված ժամկետում հարկային մարմին պետք է ներկայացնել գրանցման հայտ, կամավոր աշխատողի դեպքում՝ նրա հետ պետք է կնքել կամավոր աշխատանքի մասին պայմանագիր, իսկ հսկիչ դրամարկղային մեքենաներ կիրառելու պարտավորություն ունեցող հարկ վճարողները, «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն, պարտադիր պետք է ապահովեն վճարային քարտերի միջոցով անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն և հետևողական լինեն օրենքի պահանջների կատարման նկատմամբ։
Իրավախախտումների կանխարգելումն ու բացահայտումը և օրենքի պահանջների նկատմամբ հսկողությունը կարևոր են յուրաքանչյուր քաղաքացու, աշխատողի, ինչպես նաև օրենքի դաշտում գործող բիզնեսի համար։
ՊԵԿ-ը ներկայացնում է 2025 թվականի օգոստոս ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքները․
Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտում արձանագրվել է 479 հարկ վճարողի մոտ և տուգանքի չափը կազմել է 243․7 մլն դրամ։ Խախտում թույլ տված հարկ վճարողների ցանկը։ Արձանագրված խախտումներից 25 հարկ վճարողի մոտ արձանագրվել է 1.0 մլն դրամ և ավելի տուգանք՝ ընդհանուր շուրջ 100 մլն դրամի չափով: ՀԴՄ կիրառման կանոնների խախտում թույլ տված և 1․0 մլն դրամ և ավելի գումարով տուգանված հարկ վճարողների անվանական ցանկը՝ ըստ գործունեության ոլորտների։
Վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են ընդհանուր առմամբ 65 հարկ վճարողի մոտ, իսկ տուգանքի չափը կազմել է 42.750 մլն դրամ։ Խախտում թույլ տված հարկ վճարողների ցանկը։ Երեք և ավելի վարձու աշխատողների չձևակերպման դեպքով 18 հարկ վճարող տուգանվել է 27.750 մլն դրամով: Խախտում թույլ տված հարկ վճարողների անվանական ցանկը` ըստ գործունեության ոլորտների։
«Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում արձանագրվել է 42 հարկ վճարողի մոտ: Արդյունքում, հարկ վճարողներին ընդհանուր առմամբ առաջադրվել է 15 մլն դրամի չափով տուգանք: Խախտում թույլ տված հարկ վճարողների ցանկը՝ գործունեության համապատասխան օբյեկտների լուսանկարներով:
Միաժամանակ, Կոմիտեն տեղեկացնում է, որ խախտումներ թույլ տված հարկ վճարողների ցանկերում հաշվի չեն առնվել ստուգման ակտերի վարչական կամ դատական կարգով հնարավոր վիճարկման արդյունքները:
ՊԵԿ-ը հորդորում է հարկ վճարողներին դրսևորել հարկային կարգապահություն և հետևել օրենքի պահանջներին՝ նպաստելով կայուն և վստահելի բիզնես միջավայրի ապահովմանը։