
ՀԾԿՀ–ն ՀԷՑ–ի կողմից ներկայացված վարչական բողոքը մերժել է

Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը քննարկել է մի շարք հարցեր, որոնք վերաբերում էին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից ներկայացված վարչական բողոքը մերժելուն, «Վիվա Արմենիա» ընկերության բաժնետոմսերի գրավադրմանը և այլ օրակարգային հարցերի։
ՀԾԿՀ–ից NEWS.am–ին հայտնել են, որ մասնավորապես, հանձնաժողովի 2025 թվականի մայիսի 29-ի №209-Ա որոշմամբ երկարաձգվել էր «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի երաշխավորված մատակարարման լիցենզիայով ամրագրված գործողության ժամկետը՝ մինչև 2029 թվականի փետրվարի 1-ը։
Ընկերությունը բողոքարկել էր որոշումը՝ խնդրելով անվավեր ճանաչել 2025 թվականի մայիսի 29-ի №209-Ա որոշումը և երկարաձգել լիցենզիան նախկինում տրված ժամկետով։
Հանձնաժողովը հարուցել էր վարչական վարույթ, որի ընթացքում պարզվել էր, որ հանձնաժողովի որոշումը իրավաչափ է, քանի որ տվյալ դեպքում օրենքով նախատեսված է՝ որ երաշխավորված մատակարարի կարգավիճակի համար սահմանված ժամկետը լրանալուց հետո Հայաստանի ողջ տարածքում էլեկտրաէներգիայի մատակարարման երաշխավորված ծառայության ապահովման համար անհրաժեշտ միջոցառումները մշակվում ու իրագործվում են՝ համաձայն ՀՀ կառավարության հաստատած ծրագրի, իսկ այդ ծրագրում տեղ գտած դրույթների բովանդակությունից և դրանց իրագործմանն ուղղված գործողություններից հետևում է, որ ընկերությանը տրամադրված էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարման լիցենզիայով ամրագրված գործողության ժամկետը կարող էր երկարաձգվել առավելագույնը մինչև 2029 թվականի փետրվարի 1-ը։