Ալեն Սիմոնյանի և Հայկ Սարգսյանի կոնֆլիկտի պատճառը. մանրամասներ

Այսօր լրատվամիջոցներում տարածվել է անանուն մի նամակ, որտեղ մանրամասներ էր ներկայացվել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի միջև ծագած կոնֆլիկտի մասին: Հայկ Սարգսյանը ՔՊ կուսակցության վարչությանը գրավոր պահանջ է ներկայացրել, որպեսզի «Ալեն Սիմոնյանին հեռացնեն կուսակցությունից», - գրված է նամակում։ Նույն հրապարակման համաձայն կոնֆլիկտը ծագել է ԱԺ-ում բուքմեյքերական ընկերությունների հարկերը բարձրացնելու մասին հայտնի օրինագծի շուրջ, որի ժամանակ ԱԺ նախագահն այսպես ասած մեղմ դիրքորոշում է ցուցաբերել:


Ստեղծված իրավիճակի վերաբերյալ մանրամասներ ստանալու նպատակով Auroranews-ը կապ հաստատեց ԱԺ նախագահի խոսնակ Մովսես Հարութունյանի հետ: Եվ ահա րոպեներ առաջ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հայտարարություն տարածեց նշելով, որ Հայկ Սարգսյանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ, որի արդյունքում վերջինիս հայտարարվել է խիստ նկատողություն։ «Հարցի քվեարկությունից առաջ Հայկ Սարգսյանը դիմում է ներկայացրել Ալեն Սիմոնյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին։ Վերահսկող հանձնաժողովը Հայկ Սարգսյանին երկու անգամ հրավիրել է իր դիմումի շուրջ բացատրություններ ներկայացնելու համար։


Հայկ Սարգսյանը չի կարողացել ներկայանալ՝ Հայաստանի Հանրապետությունում չգտնվելու պատճառով։ ՔՊ Վերահսկող հանձնաժողովն Ալեն Սիմոնյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքեր չի հայտնաբերել»,- մասնավորապես ասված է հայտարարության մեջ։



Քաղաքականություն