Պեմզաշենում սպանության գործով 32-ամյա կալանավորվածը կարող է անմեղսունակ ճանաչվել ու խուսափել պատժից

Պեմզաշենում մոր և երկու երեխայի առանձնակի դաժանությամբ սպանության գործով կալանավորված 32-ամյա Վրույր Բարսեղյանն այս պահին պահվում է ՔԿՀ-ում։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել են ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայությունից՝ զերծ մնալով մանրամասնել, թե որ ՔԿՀ-ում է Բարսեղյանը գտնվում։

 

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Պեմզաշենում մոր և երկու երեխայի սպանության գործով կալանավորվել են Վրույր և Արկադի Բարսեղյանները։ Վրույր Բարսեղյանին և Արկադի Բարսեղյանին մեղսագրվում է ավազակային հարձակումը, ինչպես նաև՝ 31-ամյա Զարինեի սպանությունը, իսկ Վրույրին՝ նաև ցուցաբերված առանձնակի դաժանությունը՝ մոր և նրա երկու երեխային սպանելիս։ Բացի այդ, Վրույր Բարսեղյանը մեղադրվում է նաև սպանված 12-ամյա աղջկա նկատմամբ սեռական բռնություն գործադրելու մեջ։ Ասել է թե՝ ՔԿ-ն գրեթե ամբողջ մեղքը վերագրել է 32-ամյա Վրույր Բարսեղյանին, ապա՝ շտապել նշել, որ Վրույր Բարսեղյանն ունի «անձի էմոցիոնալ խանգարում՝ սուիցիդալ մտքերով» հոգեկան հիվանդությունը։

 

Լրատվամիջոցն ավելի վաղ անդրադարձել է այս հարցին՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքին, որ Քննչական կոմիտեն շտապել է նրա՝ հոգեկան հիվանդ լինելը որպես հաստատված հանգամանք նշել՝ առանց փորձաքննության, քանի որ երկու օրվա մեջ անհնար էր նման փորձաքննության անցկացումը։ Սա մտահոգիչ է այնքանով, որ կարող են հիմքեր ստեղծվել նման ծանր հանցագործության մեջ մեղադրվողի անմեղսունակության համար։

 

 

Վարույթ իրականացնող մարմինը իրապես դեռ չի նշանակել դատահոգեբանական-դատահոգեբուժական համապատասխան փորձաքննությունը՝ պարզելու Բարսեղյանի մեղսունակությունը,սակայն փաստաբանը լրատվամիջոցի հետ զրույցում շատ հավանական է համարել նման փորձաքննության նշանակումը։ 

 

Մասնավորապես՝ պաշտպանը չի բացառել, որ անհրաժեշտության դեպքում իրենք կմիջնորդեն՝ նշանակել փորձաքննությունը, սակայն գտնում է, որ դրա անհրաժեշտությունը չի լինի, քանի որ վարույթն իրականացնող մարմինն իր նախաձեռնությամբ կնշանակի համապատասխան փորձաքննությունը։

 

Վարույթի շրջանակներում նշանակվել են դատաբժշկական, դատագենետիկական, դատակենսաբանական փորձաքննություններ, որոնց եզրակացությունները դեռևս չեն ստացվել։ Վրույր Բարսեղյանի մասնակցությամբ որևէ գործողություն այս ընթացքում դեռևս տեղի չի ունեցել, միակ գործողությունը՝ ինքնախոստովական ցուցմունք տալն էր։ Գործի վերաբերյալ այլ մանրամասներ հայտնելուց Էդուարդ Աղաջանյանը զերծ մնաց։

 

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Գյուղի տներից մեկում հայտնաբերվել է երեք դի։ Մահացածներն են՝ մայրը՝ 31-ամյա Զարինեն, ու նրա երկու երեխաները՝ 12 տարեկան դուստրը և 8 տարեկան որդին։ Իրավապահ մարմինները հայտնել էին, որ տան ննջասենյակի մեկտեղանի մահճակալին հայտնաբերվել է արական սեռի երեխայի դի՝ կրծքավանդակի հատվածում կտրած-ծակած վերքերով՝ ձեռքերը և ոտքերը կապած վիճակում, նույն ննջասենյակի հատակին հայտնաբերվել է իգական սեռի երեխայի դի՝ կրծքավանդակի հետին մակերեսին և որովայնի հատվածներում կտրած-ծակած վերքերով, իգական սեռի դի՝ որովայնի և կրծքավանդակի հատվածներում ու կրծքավանդակի հետին մակերեսին կտրած-ծակած վերքերով՝ ձեռքերը հետնամասում թելով կապված վիճակում: Դաժան սպանության կասկածանքով նոյեմբերի 12-ին ձերբակալվել էր Շիրակի մարզի 32-ամյա բնակիչը, որը ոստիկանությունում տվել է ինքնախոստովանական ցուցմունք, հաջորդ օրը ձերբակալվել է նաև հանցանքը ենթադրաբար կատարած երկրորդ անձը՝ 41-ամյա տղամարդ։

Տղամարդիկ ազգականներ են, երկուսն էլ ամուսնացած են, ունեն երեխաներ։ Սպանված կնոջ ամուսինը ՌԴ-ում էր՝ արտագնա աշխատանքի, վերադարձել է ողբերգական դեպքից հետո։ ՔԿ տարածած հաղորդագրության համաձայն՝ մեղադրյալները տուն մուտք են գործել՝ գումար հափշտակելու համար, սակայն, տանտիրուհուց իմանալով, որ տանը գումար չկա, իրենց կողմից կատարված հանցագործությունները թաքցնելու նպատակով, նախ կապել և միմյանց գործողությունները փոխլրացնելով՝ առանձին դաժանությամբ սպանել են կնոջը, ապա 32-ամյա տղամարդը, կատարված հանցանքները թաքցնելու նպատակով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, կապել է երեխաների ձեռքերն ու ոտքերը և խոհանոցային դանակով հարվածներ է հասցրել նրանց մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ: Տղամարդկանցից մեկին՝ 32-ամյա Վրույր Բարսեղյանին, մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 8-րդ և 13-րդ կետերով, 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ , 5-րդ, 6-րդ և 13-րդ կետերով (երկու դրվագ)՝ այլ հանցանքը թաքցնելու նպատակով մի խումբ անձանց կողմից առանձին դաժանությամբ սպանության և անօգնական վիճակում գտնվող երկու անչափահասին առանձին դաժանությամբ սպանության համար,

252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով՝ բնակարան ապօրինի մուտք գործելով ավազակության համար և 198-րդ հոդվածի 4-րդ մասով՝ 12 տարին չլրացած անձի նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություն կատարելու համար։ Մյուս մեղադրյալին՝ 41-ամյա Արկադի Բարսեղյանին, որը, ըստ մամուլի, Նիկոլ Փաշինյանի աջակիցն է, մեղադրանք է ներկայացվել՝ այլ հանցանքը թաքցնելու նպատակով մի խումբ անձանց կողմից սպանություն կատարելու և բնակարան ապօրինի մուտք գործելով ավազակության համար։ Երկուսն էլ կալանավորված են։