ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երեխաները կապկպված են եղել. Պեմզաշենի դաժան սպանության մասին. «Լուրեր»
Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքի Պեմզաշեն բնակավայրում տներից մեկում հայտնաբերել են ընտանիքի երեք անդամների՝ 31-ամյա Զարինե Մելիքսեթյանի և նրա երկու անչափահաս երեխաների` 12֊ամյա դստեր և 8֊ամյա որդու մարմինները։ Տանտիրուհուն և զավակներին մահացած առաջինը տեսել են հարևանները, հայտնում է «Լուրեր»-ը:
Հարևան - Զանգել ենք, ամեն առավոտ կզանգեի, կըսեի` արի կոֆե խմելու, էսօր զանգի, ուշացավ, նորից զանգի, չեկավ, գործի տեղից զանգին` ինչի գործի չի եկել, տեսանք, կինս մտավ տեսավ, նոր ես վազի, դուռը փակ էր, հետևի կողմից բոթե, բացե, մտել էր։
Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանը «Լուրերին» հայտնեց, որ տեղի ունեցածը դաժան սպանություն է։ Դիերի վրա եղել են կտրած-ծակած վնասվածքներ: Հանցագործության գործիք դանակը առայժմ չի հայտնաբերվել։ Դեպքի վայրում առավոտվանից հավաքվել են հարազատները:
Լարիսա Ավետիսյան (բարեկամուհի) - Գիշերն է եղել, ասեցին` երեքի կողմը, ոչ մեկն էլ, ասում են, չենք լսել, այնպես մարդիկ չեն, որ թշնամի ունենան, քրտինքով ապրած:
Կարինե Ղազարյան (բարեկամուհի) - Հեչ մե վարկածմ չենք գտնի, երևի մտել են գողության համար կամ ծանոթ է եղել, երեխեքին ճանաչել են, դրա համար կապած են եղել երեխեքը։
Ընտանիքը չորս հոգուց էր բաղկացած, տանտերը աշխատում է արտասահմանում:
Արշակ Տոնոյան (ընտանիքի բարեկամը) - Խոպան է, էսօր չորսին կուգա:
Տանտիրուհին՝ Զարինե Մելիքսեթյանն, աշխատում էր Պեմզաշենի գյուղի պոլիկլինիկայում, օպերատորն էր։
Լարիսա Ավետիսյան - Դաստիարակված, ավարտած, կարմիր դիպլոմով, լավ ընտանիքից, նորմալ ընտանիք, շատ լավ մարդիկ էին, ինքն էլ շնորհքով:
Ապօրինաբար կյանքից զրկելու և անչափահասների սպանության համար քրեական գործ է հարուցվել: Դեպքի վայրում զննությունը շարունակվում է: