ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եյսկում Սու-34-ի կործանման հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի. 3–ը երեխաներ են
Եյսկում ռազմական Սու-34 ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի։ Նրանցից 3–ը երեխաներ են։ Տուժածների թիվը ներկա պահին 19 է։
Նրանցից 11–ը, այդ թվում`2 հղի կանայք, գտնվում են Եյսկի հիվանդանոցում, ևս 4-ը, այդ թվում՝ 2 երեխա, ծանր վիճակում տեղափոխվել են Կրասնոդարի հիվանդանոց, որտեղ միացված են արհեստական շնչառության սարքին։
Վթարի հետևանքով տուժած բնակելի շենքում բռնկված հրդեհը մարվել է, շինության վիճակը կգնահատի հատուկ հանձնաժողովը։ Նախնական գնահատմամբ` հարակից շենք–շինությունները չեն տուժել։
Տուժած շենքի տարածքում հայտարարվել է արտակարգ ռեժիմ։
Կուբանի ղեկավարը հերքել է մամուլում տարածված տեղեկությունները, թե կործանված ինքնաթիռը բարձված է եղել զինամթերքով։ Նրա խոսքով` օդային ուժերի ուսումնական թռիչքները տեղի են ունենում առանց զինամթերքի։
Փորձագիտական գնահատականներով` հրդեհը վթարի վայրում բռնկվել է Սու-34-ի վառելիքի արտահոսքի հետևանքով։
Մարզային ղեկավարության որոշմամբ` վթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին կվճարվի 1 միլիոն ռուբլի, յուրաքանչյուր զոհի համար` միանվագ 10 հազար ռուբլի վնասի փոխհատւցում։
Առողջությանը միջին և ծանր վնասի դեպքում տուժածներին կվճարվի 400 հազար, թեթև վնասի դեպքում՝ 200–հազարական ռուբլի փոխհատուցում, ընտանիքի յուրաքանչյուր անդամի գույքային վնասի դիմաց կվճարվի 100–հազարական ռուբլի փոխհատուցում։