ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մանրամասներ՝ Հարավային Կորեայի ավիաբազայում տեղի ունեցած պայթյունից
Hyunmoo-2 բալիստիկ հրթիռը, որը հարավկորեական ուժերն արձակել են ի պատասխան Հյուսիսային Կորեայի հրթիռների փորձարկումների, կործանվել է բազայում՝ գործարկումից անմիջապես հետո: Այս մասին հայտնում է Yonhap-ը՝ Հարավային Կորեայի շտաբների պետերի միացյալ կոմիտեին հղումով։
Գանգնեունգ քաղաքի (երկրի հյուսիս-արևելյան Գանգվոն նահանգ) բնակիչները գործակալությանը պատմել են, որ տեղական ժամանակով ժամը 01:00-ին (Երևանի ժամանակով հոկտեմբերի 4-ի 20:00-ին) վառ բռնկում են տեսել և ուժեղ դղրդյուն լսել:
ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի շտաբների պետերի միացյալ շտաբի տվյալներով՝ հրթիռն ընկել է այն բազայի վրա, որտեղ փորձարկումներ էին անցկացվում, ոչ ոք չի տուժել։ Պաշտպանության նախարարությունը նշել է, որ միջադեպի պատճառն այժմ պարզվում է։
Հաղորդվում է, որ նախօրեին ԿԺԴՀ-ն բալիստիկ հրթիռ է արձակվել, որն անցել է Ճապոնիայի վրայով և ընկել Խաղաղ օվկիանոս՝ ափից 3000 կմ հեռավորության վրա: Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլն այդ քայլն անվանել է «խելագար սադրանք» և ասել, որ Հյուսիսային Կորեան կբախվի հարավկորեական բանակի և նրա դաշնակիցների կոշտ պատասխանին:
ԱՄՆ-ում նույնպես դատապարտել են բալիստիկ հրթիռի արձակումը։ Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի մամուլի ծառայության ղեկավար Ադրիան Ուոթսոնը դա ապակայունացնող է անվանել։
Հյուսիսային Կորեայի հրթիռի արձակումն արդեն հինգերորդն էր վերջին երկու շաբաթվա ընթացքում։ Հոկտեմբերի 1-ին Փհենյանը երկու փոքր հեռահարության բալիստիկ հրթիռ է արձակել երկրի արևմտյան ափերի մոտ, դրանք ընկել են ճապոնական բացառիկ տնտեսական գոտուց դուրս։