Քաղաքականություն

Նյու Յորքում հանդիպել են Փաշինյանն ու Բլինքենը

Gohar Vardanyan 235 դիտում
Նյու Յորքում հանդիպել են Փաշինյանն ու Բլինքենը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակում, հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչությունից։

 

Վարչապետն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկված լայնածավալ ագրեսիային` կարևորելով տեղի ունեցածի վերաբերյալ ԱՄՆ-ի կողմից հնչեցվող հստակ դիրքորոշումներն ու գնահատականները: ՀՀ կառավարության ղեկավարը բարձր է գնահատել անձամբ պարոն Բլինքենի ջանքերը` բանակցային գործընթացին ու երկխոսությանն աջակցելու ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանը կարևորել է նաև միջազգային հանրության կողմից  ադրբեջանական գործողությունների դատապարտման, ՀՀ սուվերեն տարածքից ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերման, ադրբեջանական կողմում պահվող հայ ռազմագերիների վերադարձի ապահովման և հումանիտար այլ խնդիրների ուղղությամբ համարժեք արձագանքի կարևորությունը:

 

Էնթոնի Բլինքենն ընդգծել է ԱՄՆ պատրաստակամությունը` շարունակելու ջանքերը բանակցային ու խաղաղ գործընթացին, կարևորելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և երկարատև կարգավորման անհրաժեշտությունը, այդ թվում` ԼՂ ժողովրդի համար: ԱՄՆ պետքարտուղարը կարևորել է Նյու Յորքում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ եռակողմ հանդիպումը և հույս հայտնել, որ երկխոսությունն առաջիկայում ևս կշարունակվի:

 

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև հայ-ամերիկյան հարաբերությունների շարունակական զարգացման և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:

 

[cdb9c0a5e7f662e6e7388bc0b44c02c5.jpg]

 

[1a404c04ac26e51faed75e4a2f6e22c7.jpg]

 

[31ee7a016aab107310c9df7f2e0b0ccf.jpg]

 

[3ee9173e2320de1c59e1512678b013c8.jpg]

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250